ԱՊՀ ՀՕՊ զորավարժությանը մասնակցել է նաև Հայաստանը

ԱՊՀ 7 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը անցկացրել են ՀՕՊ համատեղ զորավարժություններ, որոնց ներգրավված էին 130 հրամանատարական կետեր և մոտ 100 մարտական ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Զորավարժությանը մասնակցել են ՀԱՊԿ 6 երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի, ինչպես նաև ԱՊՀ անդամ Ուզբեկստանի զինված ուժերը:

Զորավարժությանը մասնակցել են ՀՕՊ համատեղ զորքերի՝ մոտ 100 միավոր Սու֊27, ՄիԳ֊27, ՄիԳ-31 կործանիչներ, Սու֊24 և Սու֊34 ճակատային ռմբակոծիչներ, Սու֊25 գրոհայիններ, ինչպես նաև Տու֊22, Տու-160, Տու-95 հեռահար ռմբակոծիչներ, Կա֊27 և Մի-8 ուղղաթիռներ, ռադիոտեխնիկական և զենիթահրթիռային զորքեր։

Ռադիոտեխնիկական զորքերը և զենիթահրթիռային համալիրների հերթապահ ստորաբաժանումները Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում համատեղ հայտնաբերել են ստուգողական թիրախներ և պայմանական ոչնչացրել են դրանք։

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Հայաստանի օդանավակայաններից օդ են բարձրացել ՄիԳ֊31, Սու-27, ՄիԳ-29 կործանիչները, որոնք օդային հետախուզություն են անցկացրել, դուրս են եկել թիրախի հասանելիության գոտի և ոչնչացրել են դրանք։

Զորավարժության ընթացքում փորձարկվել է հերթապահ օդային ուժերի արձագանքը՝ ԱՊՀ սահմանները հատած թռչող սարքերի դեմ:

Ընդհանուր առմամբ, զենիթահրթիռային դիվիզիոնները 100 ստուգողական թիրախ են խոցել, իսկ մարտական ավիացիան ավելի քան 100 անգամ բարձրացել է օդ, որպեսզի ԱՊՀ օդային տարածքը խախտած ինքնաթիռներին ստիպի վայրէջք կատարել։

Նախորդ ԱՊՀ համատեղ ՀՕՊ զորավարժությունը անցկացվել է 2015-ին, որին մասնակցում էին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Հայաստանը։ Այս տարվա մասնակիցներից նախորդ տարի չի մասնակցել Ուզբեկստանը:

One response to “ԱՊՀ ՀՕՊ զորավարժությանը մասնակցել է նաև Հայաստանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *