Ռուսաստանը և Իրանը Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման վերաբերյալ բանակցություններ չեն վարում: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային:
Սանայիի խոսքերով` Իրանը հետաքրքրված է շարունակել և զարգացնել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը: Իսկ եթե որևէ սեկտորում անհրաժեշտ լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, ապա Ռուսաստանը և Իրանը համաձայնություն ձեռք բերելուց հետո կարող են դիմել ՄԱԿ-ին և ստանալ համապատասխան թույլտվություն, քանի որ ՄԱԿ-ի բանաձևերով ոչ թե արգելվում է Իրանին այս կամ այն զինատեսակը վաճառել, այլ Իրանը պետք է թույլտվություն ստանա դրանք գնելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն ԴԵհղանը հայտարարեց, որ Իրանը չունի Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնելու անհրաժեշտություն, ձեռք բերվող Ս-300-ները լիովին բավարարում են, իսկ որևէ համակարգի անհրաժեշտության դեպքում կարող է արտադրել ինքը:
Իսկ ըստ Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլիի` մինչ Ս-300-ների գնելը Իրանին հաջողվել է պահպանել օդային տարածության անվտանգությունը՝ օգտագործելով սեփական արտադրության պաշտպանական համակարգեր՝ «Մերսադ», «Շալամչեչ», «Փայամբար-է Ազամ» և այլն: Իսկ «Նազիր» և «Բավար-373» ԶՀՀ-ների շահագործմամբ ՝ Ռուսաստանից Ս-400 ԶՀՀ գնելու կարիք չի զգացվի:
Նշենք նաև, որ Ռուսաստանն արդեն ավարտել է պայմանագրով նախատեսված Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին: