Սարգսյանը և Ալիևը վերահաստատել են Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման համաձայնությունը. ԵԱՀԿ ՄԽ

Հայաստան և Ադրբեջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ համանախագահների հետ հանդիպումների ընթացքում երկու երկրների նախագահները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Երևանում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Երևանում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ

Հայտարարության մեջ համանախագահները նշել են նաև, որ առաջիկայում՝ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ընթացքում նախատեսում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին և քննարկել նախագահների հանդիպման կազմակերպման հարցեր:

Բացի այդ, համանախագահները նշել են, որ Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում ունեցած հանդիպումների ընթացքում կողմերը հաստատել են, որ առաջնագծի իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է:

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի (ղեկավարը՝ Անջեյ Կասպրշիկ) ընդլայնման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանին նախագահները պայմանավորվել էին հունիսին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի միջնորդությամբ անցկացված հանդիպման ժամանակ:

Հանդիպումից հետո նախագահներ Սարգսյանը, Պուտինը և Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիենայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը»:

Հետագայում, սակայն, Ադրբեջանը հրաժարվեց ձեռքբերված պայմանավորվածությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *