Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 միավոր F-16 կործանիչ ներգրավված է Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությանը:
Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ թուրքական զորքերի կողմից մարզված Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորաջոկատներից զատ, Մոսուլի գրոծողությանը մասնակցում են նաև հիմնականում Իրաքի սուննի թուրքմեններից կազմված «Նինվեի պաշտպաններ» զորաջոկատները:
Հիշեցնենք՝ առավել վաղ հայտնի էր դարձել, որ գործողությանը մասնակցում է թուրքերի կողմից մարզված շուրջ 2000 սուննի, որոնց պայմանական անվանում են «Նինվեի պաշտպաններ»: Սուննիների միջոցով թուրքական իշխանությունները փորձում են հակակշռել Իրաքի շիա ղեկավարությանը և իրենց դիրքերն ամրապնդել Մոսուլում:
Անդրադառնալով թուրքական զինուժի մասնակցությանը՝ նշենք, որ նմանատիպ հայտարարություն հոկտեմբերի 24-ին արել էր նաև Թուրքիայի վարչապետը, սակայն Իրաքի ղեկավարությունը հերքել էր դա:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին:
Ցամաքային գործողություններին հիմնականում մասնակցում են Իրաքի կառավարական բանակը և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զորաջոկատները: Օդային գործողություններն իրականացնում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան: