Վերլուծելով Ս-400-ի միֆը

Հաշվի առնելով, որ հայկական լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են խոսակցություններ Հայաստանում Ս-400 ԶՀՀ հայտնվելու հեռանկարի մասին, հարկ ենք համարում որոշ պարզաբանումներ տալ։

Նախկինում Razm.info-ն հպանցիկ անդրադարձել էր ինչպես Ս-400-ի, այնպես էլ «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի շուրջ ծավալվող սկանդալներին, սակայն այժմ այդ ամենին կանդրադառնանք ավելի մանրամասն։

Նախ նշենք, որ այդ համակարգի «օրիորդական» անունը Ս-300ՊՄ3 է, իսկ «Ս-400» անունը համակարգին տրվել է զուտ գովազդային նպատակներով։ Ընդհանրապես, այդ վարվելաձևը հատուկ է հետխորհրդային ռուսական ռազմաարդյունաբերությանը, երբ գոյություն ունեցող զինատեսակի հերթական մոդիֆիկացիան գովազդային նպատակներով նոր անուն է ստանում` տպավորություն ստեղծելով, թե խոսքը լրիվ նոր զինատեսակի մասին է, այլ ոչ թե մոդիֆիկացիայի։ Այսպես օրինակ` ՄիԳ-29Մ2 ինքնաթիռը ստացավ ՄիԳ-35 անունը, Սու-27ՊՈՒ-ն կոչվեց Սու-30, Սու-27Կ-ն` Սու-33, Սու-27Մ-ը` Սու-35, Մի-24ՎՄ ուղղաթիռն էլ սկսեցին անվանել Մի-35ՎՄ, թեև իրականում վերջինս Մի-24ՎՄ-ի էքսպորտային տարբերակն է և այլն։

Այսպիսով, Ս-400-ը ոչ թե, ինչպես ռուսական քարոզչությունն է սիրում կրկնել, «սկզբունքորեն նոր, աշխարհում նմանը չունեցող» համակարգ է, այլ Ս-300ՊՄ համակարգի 3-րդ մոդիֆիկացիան։

Այժմ` փորձենք հասկանալ, թե ինչ է գովազդային շղարշի հետևում։ Ինչպես և Ս-300Պ ընտանիքի բոլոր կայանները, Ս-400-ը ևս նախատեսված է խոշոր բնավակայրերի, արդյունաբերական օբյեկտների և ռազմաբազաների օդային հարձակումից պաշտպանելու համար։ Այն տակտիկա-տեխնիկական առաջադրանքը, որը ստացել էին նախագծողները, իսկապես տպավորիչ է. թիրախների հայտնաբերում մինչև 600կմ հեռավորության վրա, խոցում` մինչև 400 կմ հեռավորության վրա և այլն։ Համակարգի մյուս, հայտարարված հնարավորություններին կարելի է ծանոթանալ համացանցում։ Բայց իրականում, թղթի վրա առաջադրանքի տեսքով ձևավորված այդ հնարավորություններն այդպես էլ մնացին թղթի վրա։ Առաջին խնդիրը Ս-400-ի հեռահար նոր 40Ն6 հրթիռն է, որն էլ պետք է ապահովեր 400կմ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցումը, բայց որի ստեղծման աշխատանքներն այդպես էլ չի հաջողվում լիարժեք ավարտին հասցնել և իրականացնել հաջող փորձարկումներ, թեև թղթի վրա հրթիռը նույնիսկ սպառազինության է ընդունվել։

Սակայն հրթիռը Ս-400-ի միակ խնդիրը չէ։ Համակարգը ստեղծված է արդեն հնացած և սերիական արտադրությունից հանված տեխնոլոգիաների հիման վրա։ Դա նշանակում է, որ համակարգի սերիական արտադրությունից հանված և խիստ սահամանափակ քանակով արտադրվող այդ բաղկացուցիչների ինքնարժեքը զգալիորեն բարձր է, ինչը բարձրացնում է համակարգի ինքնարժեքը։ Բնականաբար, նման պայմաններում, Ս-400-ի մասսայական արտադրություն ևս հնարավոր չէ կազմակերպել, ինչը դարձյալ բարձրացնում է համակարգի ինքնարժեքը։

Ու սա էլ դեռ ամենը չէ։ Ի տարբերություն նախորդ մոդիֆիկացիաների համակարգն աչքի է ընկնում նաև իր անհուսալիությամբ: Այսպես` Ս-400-ի առաջին դիվիզիոնը մարտական հերթապահության է անցել 2007 թվականի օգոստոսին, իսկ արդեն 2008 թվականի վերջում այն հանվել է հերթապահությունից` խափանման պատճառով։

Եվ հենց Ս-400-ի ստեղծման ծրագրի փաստացի տապալումը 2011 թվականին դարձավ «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Իգոր Աշուրբեյլիի պաշտոնանկության պատճառներից մեկը, թեև, պետք է ասել, որ Աշուրբեյլին դեռ բավականին էժան պրծավ, որովհետև, «Ալմազ-Անթեյում» նրա բազմաթիվ չարաշահումների միայն մի չնչին մասին ընթացք տալու դեպքում նա կարող էր բանտում հայտնվել։

Այսպիսով` Ս-400 համակարգը գերգովազդված, իրական հնարավորությունների համեմատ` չափազանց թանկ, անհուսալի համակարգ է։ Հասկանալի է, որ նման համակարգի կարիք Հայաստանն ամենևին չունի։ Իհարկե, չի կարելի բացառել, որ ապագայում Ս-400-ն այնուամենայնիվ «խելքի կբերեն», ինչպես դա արվեց օրինակ` բազմաչարչար «Բուլավա» հրթիռի դեպքում, բայց դա արդեն ապագան ցույց կտա։

Սակայն նույնիսկ, եթե Ս-400-ն իրականում ապահովեր այն բոլոր հնարավորությունները, որոնք գովազդվում են, Հայաստանի համար այդ համակարգի պիտանելիության հարցը, միևնույն է, մնում է բաց։ Խնդիրն այն է, որ լեռնային պայմանները բնական սահմանափակումներ են դնում զենիթահրթիռային համակարգերի հեռահարության վրա և ուղղակի անիմաստ է մի քանի հարյուր միլիոն դոլարով գնել այնպիսի համակարգ, որի հնարավորությունների զգալի մասը մեր պայմաններում չեն կարող օգտագործվել։

Այսպիսով, մեր բանակի սպառազինությունում Ս-400 համակարգի հայտնվելու հավանականությունը գործնականում զրո է։

Իհարկե, հնարավոր է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան վերազինվի Ս-400-ով։ Հիշեցնենք, որ այժմ 102-րդ ռազմաբազայի հակաօդային պաշտպանությունն ապահովում են Ս-300Վ և «Կուբ» զենիթահրթիռային համակարգերը (տես օրինակ` Razm.info-յի «Հայաստանի հակաօդային պաշտպանության քարտեզը» հրապարակումը)։ Սակայն դա միայն տեսական հնարավորություն է։ Ինչպես նշեցինք` Ս-400-ի մասսայական արտադրությունը հնարավոր չէ կազմակերպել սերիական արտադրությունից նրա բաղկացուցիչների հանված լինելու պատճառով։ Մյուս կողմից, Ռուսաստանի սպառազինությունների գնման պետական ծրագրով նախատեսվում է մինչև 2020 թվականը ձեռք բերել 28 գունդ, այն դեպքում, երբ այսօր գնվել է միայն 4-ը, իսկ 5-րդը, հավանաբար, շահագործման կհանձնվի մինչը տարեվերջ։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանն այս ժամանակացուցյում չի «տեղավորվի»։ Այդ պայմաններում քիչ  հավանական է, որ սեփական տարածքում անհրաժեշտ քանակով Ս-400-ներ դեռ չտեղակայած, Ռուսաստանը կսկսի տեղակայել դրանք այլ երկրների տարածքում։

2 responses to “Վերլուծելով Ս-400-ի միֆը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *