Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովում կանանց ծառայության մասին իր խոսքերի հասարակական արձագանքը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ ցանկության դեպքում կանայք պետք է ունենան հավասար հնարավորություններ՝ զինված ուժերում ծառայության և առաջխաղացման համար։
— Խոսքը բացարձակ չի վերաբերում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը … այն կանայք, որոնք ունեն նման ցանկություն, ունեն նման պատրաստականություն, լինի դա ժամկետային կամ պայմանագրային ծառայություն, պետք է հնարավորություն ունենան դա անելու՝ որպես կամընտիր հնարավորություն, — նշել է ՀՀ պաշտպանության նախարարը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, Արցախից հեռուստակամուրջի ընթացքում։
Նախարարն իր խոսքում նշեց, որ արդեն բազմաթիվ կանայք բանակում անցնում են ծառայություն, և ոչ պակաս լավ արդյունքներով, քան տղամարդիկ։
— Եվ այն կանայք, որոնք զինված ուժերում են, պետք է ունենան առաջխաղացման հավասար հնարավորություններ, — հավելեց նա։
Սարգսյանը նշեց, որ աշխարհի բանակները նույնպես անցել են այդ ճանապարհով, որ կանայք միշտ համարվել են լրացուցիչ, սպասարկող, օժանդակ պաշտոնների վրա աշխատող, ծառայող սպաներ, ենթասպաներ։
— Դա սխալ է, որովհետև մենք կրկնակի նվազեցնում ենք մեր ներուժը, իսկ հաշվի առնելով և´ ժողովրդագրական տվյալները, և´ իրականությունները, դա անիմաստ է անել, որովհետև մենք ուղղակի կիսում ենք մեր հնարավորությունները հիսուն տոկոսով, — նշեց ՀՀ պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին՝ ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի պաշտպանության ոլորտի մասը ներկայացնելիս, Վիգեն Սարգսյանը նշել էր կանանց՝ կամավորության սկզբունքով զինծառայություն անցնելու հնարավորությունների հետագա ավելացումը, ինչը ոչ միանշանակ արձագանք էր ստացել հանրային քննարկումներում։