Նախնական տեղեկություններով ապստամբները գրոհել են Հալեպի քրդաբնակ թաղամասերի վրա: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը` ապստամբ հրամանատար Բասամ ալ Դադան պնդում է, որ ապստամբները գրավել են երկու կենտրոնական շրջան, ներառյալ Սալահեդինն ու շարժվում են դեպի Հալեպի մյուս շրջաները: Նույն աղբյուրը հայտնում է, որ մարտեր են մղվում ամբողջ քաղաքում, մասնավորապես զինվորական օդանավակայանի մոտակայքում:
Բնակիչներից մեկը «Ֆրանս Պրես» գործակալության հետ զրույցում հայտնել է, որ ապստամբները գրավել են Աշրաֆիա քրդական բնակվայրը և հյուսիս-արևելային ռազմական հենակետը:
«Դիպուկահարները տեղավորվեցին շենքերում և սև շորերով և մահմեդական գլխակապերով 50 զինյալներ մտան մոտակա դպրոցը: Նրանք ասացին, որ եկել են Էիդը (մահմեդական տոն) մեզ հետ անցկացնլու»,- պատմել են ականատեսներ:
Օկլահոմայի համալսարանի պրոֆեսոր Ջոշուա Լանդիսի հաղորդած տեղեկություններով` ապստամբները գրավել են Հալեպն ամբողջությամբ, բայց այս տեղեկությունը դեռ չի հաստատվել և հավանական է, որ չի համապատասխանում իրականությանը:
Հալեպում ընթացող մարտերի մասին տեղեկություն է հրապարակվել նաև Aleppo Armenians ֆեյսբուքյան խմբում, համաձայն որի ապստամբները գրավել են Պանի Զեյտ շրջանը և շարժվել դեպի քրդական Աշրաֆիա շրջան, որտեղ գտնվում է հայկական Մխիթարյան վարժարանը: