Հոկտեմբերի 19-ին Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերի զինծառայող է զոհվել։ Նա եղել է ռազմական ամենագնացով, որը պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա։ Այս մասին հայտնել է ամերիկյան Fox News լրատվակայքը։
Լրատվամիջոցի աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունում փոխանցել է, որ զինծառայողը Փեշմերգեի մարտիկներին մարզող ԱՄՆ զորախմբի անդամ էր, ինչպես նաև՝ պայթուցիկ սարքավորումների հետ աշխատող մասնագետ։
Զինծառայողը մահացել է ստացած վնասվածքներից, կոչումի և ինքնության մասին մանրամասներ հայտնի չեն։
Նշենք, որ 2014֊ից քաղաքը «Իսլամական պետության»վերահսկողության տակ է, որը նույնպես լավ է պատրաստված քաղաքի ազատագրման դիմագրավմանը։ Իսկ ինքնաշեն պայթուցիկների նմանօրինակ օգտագործումը ԻՊ հիմնական ձեռագիրն է։
ԱՄՆ-ն հայտնել էր, որ Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցում է միայն ավիահարվածներով, իսկ ցամաքում զինծառայողները խորհրդատուներ են: Սակայն օրեր առաջ Իրաքում ԱՄՆ ՊՆ մամուլի խոսնակ Փիթեր Քուկը հայտնել էր, որ որոշ ամերիկացի զինծառայողներ մոտ կլինեն կրակի գծին, սակայն ոչ առաջնագծում։ Նրանք ցամաքում օգնելու են Իրաքի կառավարական զորքերի և Փեմերգեի մարտիկներին տեղեկատվությամբ և խորհուրդներով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին:
2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։