Գերմանական SIM ընկերությունը ներկայացրել է ԱԹՍ-ների ճնշման համակարգ. ArmHiTec

Տեղեկատվական անվտանգության և ՌԷՊ համակարգերի ոլորտում մասնագիտացած գերմանական Secure Information Management (SIM) ընկերությունը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է արտադրանքի լայն տեսականի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման կրովի կայան:

ԱԹՍ-ների դեմ պայքարող համակարգը մոտ 15 կգ է

ԱԹՍ-ների դեմ պայքարող համակարգը մոտ 15 կգ է

Խանգարումների կայանը նախատեսված է մասնավոր և պետական օբյեկտները ԱԹՍ-ների անցանկալի ներխուժումից պաշտպանելու համար:

Ընկերության ներկայացուցիչը Razm.info-ի լրագրողներին հայտնել է, որ կայանը կարող է ճնշել ԱԹՍ-ների ռազմական և քաղաքացիական GPS հաճախությունները, ինչպես նաև ԱԹՍ-ների նկարածի տեսահեռարձակումն ապահովող ռադիոկապի հաճախությունները:

Ընկերության ներկայացրած սարքի միջոցով անօդաչուները կարելի է «ճնշել» մինչև 500 մետր հեռավորությունից:

Ցուցահանդեսի ժամանակ ընկերության տաղավարում ներկայացվել են նաև սարքավորումներ, որոնք ճնշում են ինքնաշեն պայթուցիկների պայթեցման ռադիոազդանշանները: Սարքավորումները նախատեսված են շարասյուններն ուղեկցող մեքենաների համար:

Ռադիոխանգարումների փոքր չափի սարքավորումները պայթուցիկ սարքերից պաշտպանությունն ապահովում են ինչպես զանգվածային միջոցառումների ժամանակ, այնպես էլ անհատների կամ խմբերի համար՝ շարժման մեջ և կանգառներում:

Գերմանական SIM ընկերության տաղավարը ArmHiTec-2016 ցուցահանդեսում

Գերմանական SIM ընկերության տաղավարը ArmHiTec-2016 ցուցահանդեսում

Սարքավորումը խանգարումներով ազդում է պայթուցիկ սարքի պայթեցման ազդանշանն ընդունող հանգույցի վրա, ինչի արդյունքում այն չի կարողանում ընդունել պայթեցման հրահանգը:

Բացի այս, ընկերությունն արտադրում է նաև լազերային ինֆրակարմիր լուսավորիչներ՝ գիշերային տեսանելիության սարքերի համար, ձայնա- և տեսահսկման ու հետախուզման սարքեր, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներ (զրահաբաճկոններ, սաղավարտներ):

Հայաստանում գերմանական SIM ընկերության ներկայացուցիչը Severus Miles ընկերությունն է, որ զբաղվում է բարձր տեխնոլոգիաների հիմքով սարքավորումների նախագծման և արտադրության հարցերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *