Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի ժամկետը կերգարաձգվի 7 տարով

Այսօր՝ կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում, որոշվել է 7 տարով երկարաձգել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

Համաձայնագրով ամերիկյան կողմը Հայաստանին զանգվածային ոչնչացման զենքի տարածումը խոչընդոտող անհրաժեշտ նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ է տրամադրում և անհրաժեշտության դեպքում ուսուցանում անձնակազմին։

Իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է հեշտացնել ԱՄՆ կառավարության՝ վերոնշյալ գործողությունները իրականացող ներկայացուցիչների մուտքը և ելքը Հայաստանի տարածք։ Սահմանված են նաև նյութական միջոցների փոխադրման կարգն ու պայմանները։

Համաձայնագրով Հայաստանը կարող է ներգրավվել ԱՄՆ կողմից նախաձեռնվող հակահաբեկչական տարբեր ծրագրերում և միջազգային բազմակողմ նախաձեռնություններում (Միջուկային ահաբեկչությանը հակազդելու գլոբալ նախաձեռնություն (GICNT), Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ասպարեզում համատեղ գործողությունների ծրագիր (NSOI) և այլն)։

Համաձայնագիրը ստորագրվել է 2000֊ին, ուժի մեջ մտել՝ 2002֊ից։ Համաձայնագրի ժամկետը մեկ անգամ արդեն ավարտվել է 2009-ին, ինչից հետո երկարաձգվել է 7 տարով։ Երկարաձգված ժամկետն ավարտվում է 2016-ի նոյեմերի 25֊ին։

Համաձայնագիրը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ յոթ տարի ժամկետով, եթե կողմերից մեկը յոթամյա ժամկետը լրանալու ժամկետից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցել մյուս կողմին համաձայնագրի գործողության ժամկետը դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ծանուցումը ստանալուց երեք ամիս հետո:

2 responses to “Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի ժամկետը կերգարաձգվի 7 տարով

  1. Pingback: ԱՄՆ և Հայաստանը համագործակցում են զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *