Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիան այսօր հայտարարել է, որ վրացական բանակի համար գերակա խնդիրներից է հակաօդային պաշտպանության և հատուկ նշանակության շարժական ուժերի ամրապնդումը: Ըստ նրա՝ այդ ուժերը կպահպանվեն, սակայն հնարավոր է նրանց այլ ուժեր միացվեն: Այդ մասին հայտնում է Թբիլիսիում ВЗГЛЯД թերթի թղթակիցը:
Շաբաթ Ալասանիան հայտնել է, որ Վրաստանի ՊՆ-ում ձեռնախուխ կլինեն հավանական հակառակորդներին զսպելուն միտված ռազմական նոր դոկտրինի մշակմանը,- գրում է թերթը: «Մենք որդեգրել ենք կոնֆլիկտներն առանց զինված ուժերի լուծելու քաղաքականությունը: Մեզ անհրաժեշտ է մոբիլ բանակ, որն ունակ է համարժեք պատասխան տալ իրեն ուղղված մարտահրավերներին»,- ասել է Ալասանիան և ընդգծել, որ վրացական կողմը կշարունակի մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը, քանի որ վրացի զինծառայողներն այնտեղ ձեռք են բերում անհրաժեշտ փորձ ու հմտություններ:
Ալասանիան հայտնել է նաև, որ անհրաժեշտ է զարգացնել Վրաստանի ՀՕՊ համակարգը և հրաժարվել ռազմաօդային և ռազմածովային ուժերի ձևավորումից: Նրա խոսքով՝ Վրաստանի նման փոքր պետության համար դա չափազանց թանկ հաճույք է, հատկապես այն դեպքում, երբ իրենց հազիվ թե հաջողվի ձևավորել ՌՕ և ՌԾ ուժեր:
Պաշտպանության նախարարի թեկնածուի կարծիքով՝ իշխանափոխությունից հետո Վրաստանն այլև չպետք է ունենա նոր ու ժամանակակից սպառազինության ձեռքբերման խնդիր:
Ալասանին շեշտել է, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունը կլինի ամբողջապես ապաքաղաքականացված կառույց. կուսակցական պատկանելության պատճառով պաշտոնից ազատված բազմաթիվ փորձառու զինվորականներ, ովքեր ռազմական կրթություն են ստացել ԱՄՆ-ի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում, կրկին ծառայության կանցնեն: Ալասանիան խիստ կարևորել է վրացական բանակի կայացման գործում վրացի զինծառայողի դերն ու նրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
Առաջնահերթությունների շարքում պաշտպանական գերատեսչության ապագա ղեկավարը նշել է Վրաստանի ԶՈՒ նկատմամբ հասարակական վերահսկողության մակարդակի բարձրացումը:
Ավելի վաղ Ալասանիան արդեն հայտարարել է Վրաստանի ՊՆ ամբողջական բարեփոխման անհրաժեշտության մասին: Նա հայտարարել է, որ կփոխի վերջերս գործող նախագահի կողմից նշանակված Միասնական շտաբի պետին:
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին «Վրացական երազանք» կոալիցիայի աղբյուրը հայտարարել էր, որ Վրաստանի նոր իշխանությունների կողմից հիմնովին կփոխվի Վրաստանում պահեստազորայինների պատրաստման համակարգը: