Սիրիայի հրադադարը կասկածի տակ է

Ռոյթերս գործակալությունը տեղեկացնում է, որ հրադադարից մեկ օր առաջ Դամասկոսի հյուսիս-արևելյան Հարաստա շրջանում ընդհարումներ են տեղի ունենում:

Ընդհարումները սկսվել են, երբ ապստամբները գրավել են 2 ճանապարհային անցակետ, որոնք մայրաքաղաքը կապում են Սիրիայի հյուսիսային քաղաքների հետ: Կառավարական զորքերը պատասխանել են տանկային և հրթիռային հրետակոծումով:

Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին տեղեկացրել է, որ Բաշար ալ-Ասադը համաձայնել է մահմեդական Էիդ ալ-Ադհա տոնի օրերին դադարեցնել ռազմական գործողությունները: Սիրիան պաշտոնական հայտարարություն դեռ չի արել:

«Ոչ ոք հրադադարը լուրջ չի ընդունում»- ասել է ապստամբ Մոազ ալ Շամին: «Ինչպե՞ս է հրադադար լինելու, երբ փողոցում տանկեր են շրջում, ամեն մի քանի հարյուր մետրի վրա անցակետեր են և բանակը ծանր հրետանիով ռմբակոծում է բնակելի թաղամասերը: Այս ռեժիմը կորցրել է իր վստահելիությունը»:

Մի խումբ ծայրահեղ մահմեդականներ հայտարարել են, որ չեն ենթարկվելու հրադադարի որոշմանը: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը միաձայն աջակցել է Բրահիմիի հրադադարի նախաձեռնությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ հրադադարը կհաջողվի: «Մենք մտահոգված ենք Սիրիայի ներկա իրավիճակով: Որքան շուտ արյունահեղությունը դադարեցվի և առանց նախապայմաների երկխոսություն սկսվի, այնքան ավելի բարձր են լուծում գտնելու հնարավորություները»:

Հիշեցնենք որ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը համաձայնվել է մահմեդական Էիդ ալ-Ադհա տոնի օրերին հրադադար հաստատել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *