Քաթարի էմիրի այցից հետո Գազայի հատվածում իրավիճակը սրվել է

Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ Քաթարի էմիրի այցից հետո Գազայի հատվածում իրավիճակը սրվել է: Պաղեստինցիները տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի վրա, ի պատասխան որի` Իսրայելը ռմբակոծել է Գազայի տարածքը:

Քաթարի էմիր շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թհանին հոկտեմբերի 23-ին պաշտոնական այցով ժամանել է Գազա: Էմիրի հետ է եղել նրա կինը, Քաթարի վարչապետը, արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ, հաղորդում է «Քաթար» լրատվական գործակալությունը:

Ըստ Իսրայելի բանակի տվյալների` Գազայի հատվածից ավելի քան 70 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, որտեղ 3 մարդ վիրավորվել է: Նրանցից 2-ին ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց:

Երկաթե Գմբեթ (Irone Dome) հակահրթիռային համակարգը ոչնչացրել է դեպի Աշկելոն թռչող 8 հրթիռ, բայց ականանետային կրակի դեմ արդյունավետ չի եղել:

Իսրայելի պաշտպանության ուժերը տանկերով և կործանիչներով պատասխան կրակ են բացել Գազայի վրա և ոչնչացրել 4 զինյալ:

Պաշտպանության նախարար Էհուդ Բարակը բանակային ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Իսրայելը ցամաքային գործողություն կիրականացնի Գազայում, պատասխանել է. «Եթե կրակը շարունակվի և մենք այլնտրանք չունենանք, ապա պարզ է, որ ավելի ուժեղ հարված կհասցնենք: Ոչինչ չի բացառվում»:

Համասը, որն այսպիսի հարձակումներից հետո սովորաբար հերքում է իր դերակատարությունը, այս անգամ, ստանձնել է պատասխանատվությունը: Նրանց հայտարարությունում ասվում է. «Այս սուրբ առաքելությունը մեր ժողովրդի դեմ թշնամու շարունակական հանցագործություների պատասխան է: Այդ հանցագործություների պատճառով անցած 48 ժամում 4 մարդ է զոհվել, 10-ը` վիրավորվել»:

Մեկ այլ միջադեպ արձանագրվել է հոկտեմբերի 23-ին. Գազայի հատվածի սահմանային գոտում ավտոմեքենայի պայթունից ծանր վիրավորվել է Իսրայելի պաշտպանության զորքերի մեկ սպա, ում ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Համասն այս դեպքի պատասխանատվությունը ևս ստանձնել է:

Իսրայելն ասել, որ «ապշեցուցիչ» է, որ ԱՄՆ դաշնակից Քաթարը Պաղեստինյան հակամարտությունում կողմնակալություն է անում, քանի որ արևմտյան երկրները Համասին ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն:

Նշենք, որ Եգիպտոսի միջնորդությամբ հոկտեմբերի 24-ի երեկոյան հրադադար է հաստատվել: Անցած գիշեր պաղեստինցիները ձեռնպահ են մնացել հրթիռային հարձակումներից, իսկ իսրայեական օդուժը դադարեցրել է հարձակումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *