Աֆղանստանում 9 մարդ ՆԱՏՕ-ի ռմբակոծության զոհ է դարձել. կան վիրավորներ

Աֆղանստանի Գոր նահանգում հոկտեմբերի 23-ին ՆԱՏՕ-ի ավիացիոն ուժերի կողմից ռմբակոծության և դրան հաջորդած հատուկ գործողությունների հետևանքով նվազագույնը 9 մարդ զոհվել է, ևս 25-ը վիրավորվել: Այդ մասին այսօր հայտնել են Գորի նահանգապետի մամլո գրասենյակից:

Ըստ աֆղանական Պաժվակ լրատվականի՝ ավիահարվածը ուղղված է եղել զինված խմբավորումներից մեկի առաջնորդ Մուլի Մուստաֆայի տանը: Մուստաֆան, ով հարվածից չի տուժել, «Թալիբան» շարժման անդամ չէ:
Երկու տարի առաջ Մուստաֆան և իր զինյալները գողացել են Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի առաքելության շրջանակներում գործող նահանգի վերակառուցման խմբի ավտոմեքենան և փորձել տուն հասնել դրանով, սակայն ՆԱՏՕ-ի ուղղաթիռները հարվածել են նրանց ուղղությամբ: Այդ անգամ ևս Մուստաֆան ողջ է մնացել:
Իշխանությունները պնդում են, որ սպանված 9 անձինք և վիրավորների մեծ մասը Մուստաֆայի թիկնապահներն էին: Ողջ մնացածները, սակայն, հայտարարում են, որ 12 սպանվածներն ու տասնյակ վիրավորները առաջնորդի ընտանիքի անդամներ և հարազատներ էին, որոնք կապ չունեին ընտանիքի ղեկավարի գործունեության հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *