Այսօր՝ հոկտեմբերի 13-ին,ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովին:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը՝ նշելով, որ Բոչկարյովն Հայաստան այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
Կողմերը հաստատել են ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տարածքում ՌԴ արտադրության ավտոմոբիլային և ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների ու ավիացիայի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել արտադրական կոոպերացիայի շրջանակներում շարունակել համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Հիշեցնենք, որ ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը անցկացվում է հոկտեմբերի 13-15֊ին Erevanexpo ցուցահանդեսային համալիրում։ Ցուցահանդեսը կազմակերպում է «ԲԻԶՈՆ» ընկերությունը՝ ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ։ ArmHiTec-2016-ը անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակում։
Pingback: ՀՀ ՊՆ-ն և «Ռոստեխը» քննարկում են պաշտպանական համատեղ ընկերությունների ստեղծումը | Ռազմ.info