Թուրքիան և Ուկրաինան կհամագործակցեն ռադիոլոկացիոն կայանների արտադրման ոլորտում

Հոկտեմբերի 12-ին թուրքական «Հավելսան» (Havelsan) ռազմարդյունաբերական ընկերությունը և Ուկրաինայի պետական «Ուկրինմաշ» (Укринмаш) ընկերությունը ստորագրել են ռադիոլոկացիոն կայանների արտադրության ոլորտում համագործակցելու վերաբերյալ պայմանագիր:Այս մասին հայտնում են ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնի կայքում:

«Ուկրինմաշ» ընկերության արտադրության 36Д6-1-1 (36Д6-М) ռադիոլոկացիոն կայան

«Ուկրինմաշ» ընկերության արտադրության 36Д6-1-1 (36Д6-М) ռադիոլոկացիոն կայան

«Ուկրինմաշ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Սլյուսարենկոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը ոչ միայն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ արտադրանք ստանալ, այլ նաև ապահովում է ՆԱՏՕ-ի երկրների համար նոր շուկաների ձևավորումը:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը հայտնում է, որ կողմերը պայմանագիրը ստորագրել են Կիևում անցկացվող «Զենք և անվտանգություն – 2016» խորագրով ցուցահանդեսի ժամանակ:

Նշենք, որ «Ուկրինմաշ»-ը ընդգրկված է «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնի կազմում, որը ստեղծվել է 2010-ի դեկտեմբերին՝ տեղական ռազմարդյունաբերական շուրջ 125 գործարանները միավորելու նպատակով։

Հիշեցնենք, որ 2015-ի ապրիլի 8-9-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Օլեգ Գլադկովսկու գլխավորած պատվիրակության՝ Թուրքիա այցի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել թուրքական և ուկրաինական ընկերությունների պաշտպանական և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Մասնավորապես ուկրաինական տիեզերահրթիռային և պաշտպանական ոլորտների ձեռնարկությունները կարող են մասնակցել Թուրքիայի ազգային հրթիռային համակարգի ստեղծման աշխատանքներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *