Հոկտեմբերի 10-ին Իրանի հյուսիսարևմտյան Քուրդիստան նահանգի Մարիվանի շրջանի Գոլչինար գյուղի մոտ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական խումբ է վնասազերծել: Այս մասին հայտնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը:
Իրանական Press TV լրատվական գործակալությունը, հղում անելով Քուրդիստան նահանգի ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Հոսեյն Ռաջաբիին, հայտնում է, որ ահաբեկիչները եղել են PJAK-ի (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն») անդամներ և վնասազերծվել են իրաք-իրանյան սահմանը հատել փորձելիս:
Ահաբեկիչները կիրառել են ՌՊԳ-7 տիպի նռնակետ, սակայն անհաջողության մատնվելով ` դիմել են փախուստի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` սեպտեմբերին, Իրանի հյուսիս-արևմուտքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում Մարիվանի շրջանում Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը ձերբակալել էին 4 ահաբեկչի, որոնք Իրան էին եկել Իրաքի քրդական ինքնավարությունից և ծրագրում էին իրականացնել ահաբեկչական գործողություններ Իրանի տարբեր շրջաններում:
PJAK-ը Իրանում ստեղծված (2003թ) քրդական կուսակցություն է: Ղեկավարվում է PKK-ի կողմից: Գործում է հիմնականում Իրանի Քուրդիստան, Արևմտյան Ադրբեջան և Քերմանշահ նահանգներում:
PJAK-ի ռազմական թևը կոչվում է HRK (քրդ. Hêzên Rojhilata Kurdistan, «Արևելյան Քուրդիստանի ինքնապաշտպանություն»): Վերջինս 2004 թվականից Իրանում քրդական ազգային ինքնավարություն ստեղծելու համար բախումների մեջ է իրանական իշխանությունների հետ:
Pingback: Իրանը զորավարժություններ է անցկացնում երկրի 14 նահանգում | Ռազմ.info