Հոկտեմբեր 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել են ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է եկել ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու:
ՀԱՊԿ քարտուղարը նախագահ Սարգսյանի հետ քննարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախորդ` սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:
ՀՀ նախագահը գնահատել է Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման և անցկացման, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մշակման գործում: Հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիպման ընթացքում նույնպես քննարկվել են առաջիկա նիստերի օրակարգային հարցերը, հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում ստանձնած գերակա առաջնահերթ խնդիրներին: Կողմերը փոխադարձ գոհունակություն են արտահայտել կատարված աշխատանքների վերաբերյալ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային հավաքական անվտանգության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: