Ադրբեջանում «զինված ուժերը» վերանվանվել են «բանակի»

Հոկտեմբերի 12-ից Ադրբեջանում ուժի մեջ են մտել սեպտեմբերի 26-ին անցկացված հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխությունները: Կետերից մեկով սահմանվում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն այսուհետ կոչվելու է «բանակ», իսկ զինված ուժեր հասկացության տակ ներառվելու են բոլոր զինված կառույցները:

Բացի բանակից զինված ուժերի մեջ այժմ մտնում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ներքին գործերի նախարարության ներքին զորքերը, պետական հատուկ պահպանության գունդը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանության գունդը, արտակարգ իրավիճակների նախարարության զինված ստորաբաժանումները:

Նշենք, որ նախկին սահմանադրությամբ «զինված ուժերի» տակ հասկացվում էր միայն բանակը, իսկ մնացած կառույցների համար օգտագործվում էր «կանոնադրությամբ սահմանված այլ զինված կառույցներ» եզրը:

Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական կետերը վերաբերում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդմանը: Մասնավորապես նա առաջին անգամ իրավունք է ստանում ցրել խորհրդարանը, վերացվել է նախագահի թեկնածու առաջադրվելու համար 35 տարին լրացած լինելու պայմանը, նախագահության ժամկետը 5-ից դառնում է 7 տարի, և այլն: Ներդրվում են նաև փոխնախագահների պաշտոններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *