ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած հրամանատարաշտաբային զորավարժության եզրափակիչ փուլում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Զորավարժության նպատակն էր ստուգել մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի բերման ժամանակ զորամասի վարչակազմի և ստորաբաժանումների պատրաստվածությունը, կատարելագործել հրամանատարներին գործնական հմտություններն ու ունակությունները պաշտպանողական և հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ժամանակ:
Զորավարժության մտահղացման համաձայն՝ զորային հրաձգարանում խաղարկվել են պաշտպանական մարտի և հարձակման նախապատրաստման ու վարման, ինչպես նաև հարձակման համար ելման շրջանների զբաղեցման գործողություններ` պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:
Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը նշել է, որ զորավարժության ներգրավված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները: