Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Նստաշրջանում քննարկվելու են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի կողմից առաջադրված առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվելու են միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, դիտարկվելու են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
Ստորագրվելու են նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նշանակելու են ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարին, որը լինելու է Հայաստաի ներկայացուցիչը:
Նկատի առնելով, որ 2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունը կստանձնի Բելառուսը, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին է ներկայացնելու Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել նրա նախագահության շրջանում: