Հայտնի է դարձել սեպտեմբերի 27-ին վթարի ենթարկված թուրքական ԱԹՍ-ի կործանման պատճառը

Հայտնի է դարձել սեպտեմբերի 27-ին փորձարկման ժամանակ վթարի ենթարկված թուրքական ANKA T001 անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կործանման պատճառը: Հիշեցնենք, որ սարքը թռիչքի ժամանակ 3300 մետր բարձրությունից վայր էր ընկել:

«Թուրքիայի օդա-տիեզերային արդյունաբերություն» ընկերությունը (Turkish Aerospace Industries) հայտարարել էր, որ վթարի պատճառը մեխանիկական է, և հետազոտություներ էր կատարվում մանրամասները հայտնաբերելու համար:

Համաձայն թուրքական Zaman.com կայքի՝ վերջապես պարզվել է, որ սարքը մոտ 20 վայրկյանով կորցրել է կապը երկրից կառավարման համակարգի հետ, որից հետո ինքնաթիռի համակարգիչը ավտոմատ կերպով ինքնաոչնչացման հրահանգ է տվել, ինչը և դարձել է վթարի պատճառը: Ինքնաոչնչացման ռեժիմը միանում է այն դեպքում, երբ առաջանում է սարքի՝ հակառակորդի ձեռքն ընկնելու ռիսկ։

ANKA-ի առաջին փորձարկումը տևել է 14 րոպե, որից հետո այն վթարային վայրեջք է կատարել: Ըստ իսրայելական «Առուց Շեվա» ռադիոկայանի կայքի՝ երկրորդ և երրորդ փորձարկումները նույնպես ավարտվել են անհաջողությամբ: Այնուամենայնիվ հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերություների ներկա վիճակը, անհրաժեշտ է զգույշ վերաբերվել իսրայելական աղբյուրների հայտարարություններին Թուրքիայի վերաբերյալ:

Ապագայում Թուրքիան նախատեսում է հզոր և չափսերով ավելի մեծ ANKA +A ԱԹՍ-երի ստեղծումը, որոնք պլանավորում է զինել նաև հրթիռներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *