«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքի Մոսուլ քաղաքի շուրջը վեց պաշտպանական ամրություններ է բարձրացրել՝ այսպիսով պատրաստվելով Իրաքի կառավարական զորքերի կողմից քաղաքի ազատագրման գործողության դիմագրավմանը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով արաբական Al Sumaria հեռուստաընկերությանը։
Մասնավորապես՝ ահաբեկիչները քաղաքի հյուսիսային ուղղությամբ տեղադրել են երկու ամրություն, իսկ հարավային ուղղությամբ՝ չորս։ Ականատեսների փոխանցմամբ՝ պաշտպանական բոլոր գծերով տեղակայված են տասնյակ ականապատված զրահամեքենաներ, օրեցօր առաջնագիծ են մեկնում զինյալների նոր ջոկատներ։
Այսպիսով՝ զինյալները ցանկանում են խոչընդոտել կառավարական զորքերի առաջընթացին: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, ահաբեկիչները փակել էին Մոսուլ տանող բոլոր ճանապարհները: Քաղաքի ծայրամասերում նկատվել էր զինյալների կենտրոնացում, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի կուտակում: Իսկ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար դադարից հետո առաջին անգամ երևացել էր հենց Մոսուլ քաղաքում:
Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական ուժերը՝ ԱՄՆ միջազգային կոալիցիոն ուժերի աջակցությամբ պատրաստվում են Մոսուլի ազատագրման գործողությանը, որը նախատեսվում է հոկտեմբերի մեջ։
Pingback: Իրաքը սկսել է Մոսուլի ազատագրման գործողությունը | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ ԶՈւ առաջին մարտական կորուստը Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից | Ռազմ.info