Ռազմաշաբաթ. Հայաստան. 2 – 8 հոկտեմբերի, 2016

ՀՀ նախագահը նշանակել է պաշտպանության նախարարին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, ՀՀ ԱԱԽ քարտուղարին • Ռազմինֆոն վերլուծել է Ադրբեջանի՝ իբր «Երկաթե գմբեթ» գնելու լուրը • Թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող • Հայկական զինուժում անցկացվել են մի շարք զորավարժություններ, հավաքներ • Վարժանք են արել ՀՀ ԱԻՆ փրկարարները • ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համաձայնագիրը ներկայացվել է ՌԴ պետդումայի վավերացմանը • Հայաստանը վերահաստատել է իր մասնակցությունը «Վճռական աջակցություն» առաքելությանը • Հայաստանը հումանիտար օգնություն է ուղղարկել Սիրիա • ՀՀ ռազմարդյունաբերության վերաբերյալ որոշում է ընդունվել կառավարությունում, քննարկում է եղել ԱԺ-ում • ԵԱՀԿ դիտարկում է եղել Արցախում

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը • ՀՀ ԶՈւ դիպուկահարների, դեսանտայինների և հրետանավորների վարժանքները շաբաթվա ընթացքում

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը • ՀՀ ԶՈւ դիպուկահարների, դեսանտայինների և հրետանավորների վարժանքները շաբաթվա ընթացքում

• Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով․

Նույն երեկոյան նախագահ Սարգսյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին: Հոկտեմբերի 5-ին էլ ՀՀ նախագահը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ՀՀ նախագահը բանակի հրամկազմին է ներկայացնում ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին և ԶՈւ ԳՇ նորանշանակ պետին

ՀՀ նախագահը բանակի հրամկազմին է ներկայացնում ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին և ԶՈւ ԳՇ նորանշանակ պետին

ՀՀ պաշտպանության նոր նախարարի և գլխավոր շտաբի նոր պետի նշանակումների համատեքստում Ռազմինֆոն իր դիտարկումներն է ներկայացրել բանակում առկա մի շարք կոնկրետ խնդիրների վերաբերյալ, որոնց լուծումն ակնկալում է տեսանելի ապագայում։

• Ադրբեջանի՝ Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ իբր գնելու մասին հայկական լրատվադաշտում տարածված լուրը մեկնաբանելով՝ Ռազմինֆոն վերլուծել է, թե ինչու հնարավոր չէ այդ համակարգի գնումը և թե ինչու այն չի կարող արդյունավետ լինել ՀՀ ԶՈւ «Իսկանդեր» հրթիռների դեմ պայքարում։

• Շաբաթվա վերջին օրերին ադրբեջանական կողմը սկսել է խոշոր տրամաչափի հրազենով ավելի ինտենսիվ կրակել Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։ Կիրառվել են նաև նռնականետներ։ Հոկտեմբերի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող Հայկ Լևոնի Համբարձումյանը:

• Ռազմինֆոն հրապարակել է հայկական բանակի կորուստների մասին ամփոփ տվյալներ, ըստ որոնց՝ սեպտեմբերին հայկական զինուժը կրել է 1 մարտական և 4 ոչ մարտական կորուստ։

• Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են պաշտպանական մարտի վարման, գրոհի հետմղման, պաշտպանության խորքը մխրճված հակառակորդի վնասազերծման, հակագրոհի անցկացման և առաջնագծի վերականգնման գործողություններ:

• ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումները «Գրադ» համակարգերով և ականանետներով ճամբարային հավաք և զորավարժություն են անցկացրել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում։

«Գրադի» կրակոցը ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանման զորավարժության ընթացքում

«Գրադի» կրակոցը ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանման զորավարժության ընթացքում

• ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են ուղղաթիռից պարանով դեսանտավորման ուսումնական վարժանքներ:

• ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ:

• Հոկտեմբերի 7-ին Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համատեղ գումարտակային մարտավարական զորավարժություն:

• Հոկտեմբերի 4-ից ՊԲ շտաբում և ենթակա մի շարք զորամասերում ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ մեկնարկել են տեսչական ստուգումներ։

ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական հավաք-պարապմունքներ:

ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական հավաք-պարապմունքներ:

• Ձմեռային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի զորամասերից մեկում անցկացվել են սպառազինության սեզոնային սպասարկման կազմակերպման ցուցադրական հավաք-պարապմունքներ։

• Հոկտեմբերի 4-ին ՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի՝ Ղրղզստանում սկսված «Ռուբեժ-2016» մարտավարական զորավարժությանը Հայաստանը հետևել է որպես դիտորդ։

• Սեպտեմբերի 26-30-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք, որի սցենարով Երևանում 7,5 մագնիտուդով պայմանական երկրաշարժ է եղել: Փրկարարներն իրականացրել են որոնողափրկարարական` պարանային, ամրակապման, մաքուր կտրման, քանդման, տուժածների դուրս բերման և առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով:

• Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը Պետդումայի վավերացմանն է ուղարկել հայ-ռուսական միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Հայկական կողմն այն վավերացրել է հունիսին։

• Հոկտեմբերի 5-ին Բրյուսելում անցկացվել է Աֆղանստանին նվիրված համաժողովը, որին մասնակցող ՀՀ ԱԳՆ տեղակալը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016-ից հետո էլ ներկայիս մակարդակով պահպանել իր մասնակցությունը «Վճռական աջակցություն» առաքելությանը:

• ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է 46 մլն 33.000 ՀՀ դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով։ Բացի այդ, հոկտեմբերի 4-ին և 5-ին Հայաստանից Սիրիա են ուղևորվել հումանիտար օգնությամբ բեռնված երկու ինքնաթիռ: Օգնությունը բաժանվել է ոչ միայն Հալեպի հայերին, այլև տեղի բնակչությանը։

Սիրիա ուղարկված Հայաստանի հումանիտար օգնությունը

Սիրիա ուղարկված Հայաստանի հումանիտար օգնությունը

• Հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության որոշումներից մեկով սահմանվել է, որ ռազմարդյունաբերական ձեռնարկություններին պետական աջակցություն տրամադրելիս առաջնահերթությունը տրվում է ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպություններին: Իսկ ոչ բազային կազմակերպություններից առաջնահերթությունը տրվելու է ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող սուբյեկտներին:

• Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ռազմարդյունաբերական համալիրի կայացումը և զարգացման հեռանկարները» թեմայով դռնփակ քննարկում:

• Հոկտեմբերի 5-ին Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել։ Դիտարկմանը մասնակցել է նաև Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *