Հոկտեմբերի 5-ին 45 երկիր ստորագրել են ԱՄՆ֊ի առաջարկած «Հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման և հետագա օգտագործման վերաբերյալ միացյալ հռչակագիրը», որով սարքերի վաճառքը կարգավորվելու է 5 նորմերով։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը։

Բրիտանական զինված ուժերի WK-450 Watchkeeper անօդաչու թռչող սարքը (պատրաստված է իսրայելական Hermes 450 ԱԹՍ-ի հիմքի վրա)
Փաստաթղթի նորմերը ենթադրում են հետևել արտահանման բազմազգ վերահսկողության և չտարածման ռեժիմներին, ԱԹՍ֊ների կիրառման ժամանակ հաշվի նստել զինված հակամարտության և միջազգային հումանիտար իրավունքների օրենքների հետ, շարունակել քննարկել, թե ինչպես են պետությունները փոխանցելու և հետագայում «պատասխանատվությամբ» օգտագործելու նմանատիպ սարքավորումները։ 2017-ին երկրները հանդիպելու են՝ ավելի կոնկրետացնելու ստանդարտները։
Հռչակագիրը ստորագրել են ԱՄՆ-ն, Վրաստանը, Ուկրաինան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և այլ երկրներ։
Ստորագրածների թվում չեն Իսրայելը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Բրազիլիան։ Նշվում է, որ հատկապես դեմ են արտահայտվել Իսրայելը և Չինաստանը, որոնք այս ոլորտի խոշոր արտադրողներից են։
Deputy Spokesperson @Toner_Mark outlines joint declaration for export and use of UAVs. https://t.co/0He6M4e07C
— Department of State (@StateDept) October 5, 2016
Փաստաթղթի մեջ նշված է, որ մարտական ԱԹՍ֊ների ոչ ճշգրիտ օգտագործումը կարող է «սնել հակամարտությունները և անկայունությունը», խթանել ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը․ միջազգային հանրությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկնել՝ ուղղված դրանց «պատասխանատու արտահանմանը» և հետագա օգտագործման գործընթացների թափանցիկությանը։
Նշենք, որ ԱՄՆ֊ն պարբերաբար ԱԹՍ֊ներ օգտագործում է Սիրիայում, Եմենում, Պակիստանում, Աֆղանստանում՝ ԻՊ, ալ֊Քաիդա և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ։