Սահմանվել են ռազմարդյունաբերական ոլորտին ՀՀ պետական աջակցության առաջնահերթությունները

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ կառավարության որոշումներից մեկով սահմանվել է, որ ռազմարդյունաբերական ձեռնարկություններին պետական աջակցություն տրամադրելիս առաջնահերթությունը տրվում է ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային* կազմակերպություններին: Իսկ ոչ բազային կազմակերպություններից առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի Հանրապետության մարզերում գործունեություն իրականացնող սուբյեկտներին:

«Նախագծի ընդունման դեպքում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը կներառվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերում՝ ապահովելով ոլորտի զարգացման նախադրյալները», — կառավարության նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխանցում է «Մեդիամաքս» գործակալությունը:

Կառավարության որոշմամբ սահմանվել է նաև, որ ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) սուբյեկտներին պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է ՀՀ բյուջեից, ինչպես նաև ներդրումային կամ պետական հատուկ նպատակային հիմնադրամներ ստեղծելու միջոցով:

Այս որոշմամբ ՌԱՀ ձեռնարկություններին պետական աջակցության երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերը ներառվում են ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրերում` հանդիսանալով դրանց պարտադիր բաղկացուցիչ մաս:

* «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում սահմանված է, թե որն է բազային կազմակերպությունը. «ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպություն` կազմակերպություն, որն իր կառավարման ներքո ունի համապատասխան ուղղության կամ ոլորտի գործունեության ապահովման համար անհրաժեշտ արտադրական և տեխնիկական բացառիկ կարողություններ, ինչպես նաև գիտական, ինժեներական և միջին մասնագիտական որակյալ կադրեր»:

One response to “Սահմանվել են ռազմարդյունաբերական ոլորտին ՀՀ պետական աջակցության առաջնահերթությունները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 2 – 8 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *