Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո կատարվող հետաքննության շրջանակներում ևս 540 զինծառայող, այդ թվում 368 սպա, ժամանակավորապես հեռացվել են զինված ուժերից: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նախարարը հայտարարել է նաև, որ ժամանակավորապես հեռացված 540 զինծառայողից 113-ը ԶՈւ ռազմածովային ուժերից են, իսկ 427-ը ռազմաօդային ուժերից: Ընդհանուր առմամբ մինչև այժմ երկրի զինված ուժերից հեռացվել է 3,699 մարդ:
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, հայտնել է ԶՈւ ցամաքային և ռազմածովային ուժերից ևս 820 զինվորական հեռացնելու մասին, որոնցից 648 ներկայումս ձերբակալված են:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: