Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողությունների շրջանակներում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Բացի այս, բախումների ժամանակ Թուրքիայի զինուժը «շարքից հանել է» 18 ահաբեկչի: Համաձայն աղբյուրի՝ ԻՊ զինյալները փորձել են ներթափանացել Սիրիայի հյուսիսային Ալ-Ռաի քաղաքի արևելքում «Սիրիական ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից մեկը, ինչից հետո էլ սկսել են բախումները:
Նշվում է նաև, որ հոկտեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են և ոչնչացրել Սիրիայի կենտրոնական Համա նահանգի Ռասմ-ալ Վարդ, Հալեպ նահանգի Ազեզ գավառի Դաբըք գյուղերում և այլ բնակավայրեում տեղակայված ԻՊ 6 դիրք:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ԻՊ գրոհայինները Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈւ երկու տանկ են խոցել, ինչի հետևանքով տանկերի անձնակազմից 3 զինծառայող սպանվել է, ևս 4-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին: Սակայն գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է: