Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԶՈւ ցամաքային զորքերի, ռազմածովային ու ռազմաօդային ուժերի հրամանատարությունները մայրաքաղաք Անկարայի կենտրոնից հեռացնելու համար։Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Ուժային կառույցները նախատեսվում է տեղափոխվել Անկարայի ծայրամասային Էտիմեսգութ շրջան: Համաձայն աղբյուրի՝ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության համար (MİT) Էտիմեսգութում նոր շենք կառուցման աշխատանքները շարունակվում են և այդ շրջանում նախատեսվում է ստեղծվել «անվտանգության ճամբար»
Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունված որոշման համաձայն՝ օգոստոսի 22-ից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են դուրս բերվել երկրի երկու խոշորագույն քաղաքներից՝ Անկարայից և Ստամբուլից, քանի որ խռովարարները հեղաշրջման փորձի ժամանակ փողոցներ էին հանել այդ քաղաքներում տեղակայված մի շարք զորամասերի զինանձնակազմը, տեխնիկան, այդ թվում՝ տանկեր, այլ զրահատեխնիկա:
Բացի այդ, խռովարարները հարձակվել էին իշխանությանը հավատարիմ ուժայինների նստավայրերի վրա, ինչը Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծում։