Օրվա ամփոփում. ԱՄՆ դեսպանը դատապարտում է սահմանի գործողությունները, ռուս փորձագետը՝ խորհուրդ տալիս հրետակոծել

Այսօր մամուլի հիմնական թեման նոյեմբերի 19-ին և 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում դիպուկահարների կրակից հայկական կողմի կրած երկու զոհերն էին։ Այսպիսով, զոհերի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանություն կատարելու համար։ Ռուս փորձագետը վստահեցրել է, որ Ադրբեջանի նման քայլը չի կարելի անպատասխան թողնել։ Դիպուկահարների գործողություններին են անդրադարձել նաև Դավիթ Ջամալյանը, Կարեն Սարիբեկյանը և Տիգրան Աբրահամյանը։  Իսկ ԱՄՆ  և Միացյալ Թագավորության փորձագետները քննարկումներ են անցկացրել ՊՆ-ում։

Ինչպես արդեն նշել էի՝ Ջոն Հեֆերն իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին՝ դատապարտելով շփման գծում իրականացված գործողությունները. « Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում տալու հարցում։ Մենք դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերը »։

Իսկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու՝ գումարի դիմաց Ադրբեջանին տեղեկություն վաճառելու և ևս 3-ին` հանցագործության մասին իմանալ-չհայտնելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը: Պատժաչափերը՝ չեն նշվում։

Հայ զինվորների սպանությանն է անդրադարձել նաև ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ նշելով, որ այդպիսի սպանությունները չի կարելի թողնել առանց պատասխան. «Ադրբեջանին ագրեսիայի է դրդում միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը»: Ռուս փորձագետի կարծիքով, նման դեպքերում «անհամաչափ գործողություն կարող է լինել ադրբեջանական դիրքերի հրետանային հարվածը»:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն էլ նշել է, որ պատժիչ գործողությունները օրվա հրամայականն են. «Որ գործ ունենք անպատասխանատու քաղաքականության հետ, կարծում եմ ակնհայտ է բոլորիս, քանզի նման դեպքերում հայկական կողմի պատասխանը որպես կանոն լինում է անողոք: Հիշեցնենք, որ բոլոր նման դեպքերում մեր կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների հետևանքով թշնամին կրել է ծանր կորուստներ»:

ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի անպատասխանատու քայլերը հանգեցնում եմ հակամարտության գոտում իրավիճակի սրման, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով. «Ադբեջանի ղեկավարությունն ու անձամբ այդ երկրի ղեկավարը պետք է պատասխան տան ոչ միայն ադրբեջանցի դիպուկահարների կողմից զոհված հայ դիրքապահների, այլ համապատասխան պատժիչ գործողությունների արդյունքում սպանվող ադրբեջանցի զինվորների համար: Ալիևը նման սադրանքները չի մարսելու»։

Տիգրան Աբրահամյանն էլ գրում է, որ եթե միջազգային հանրությունն ու Ադրբեջանը դիպուկահարներին դուրս բերեին առաջնային գծից՝ նման միջադեպեր չէին գրանցվի, իսկ ներկա պարագայում «միանշանակ կարելի է ասել, որ Ալիևն ու նրա շրջապատը պետք է անձամբ պատասխան տան շփման գծում զոհված զինծառայողների ու ՊՆ-ի կողմից՝ ոչ համարժեք գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական կողմի կորուստների համար»:

Իսկ վերջում նշենք, որ  ԱՄՆ-ի և ՄԲ-ի փորձագետների խումբը քննարկումներ  է անցկացրել  կադրերի կառավարման ոլորտում ներգրավված ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *