Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել են նոր «Ղամար-է բանի Հաշեմ» հեռահար հրթիռով: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Այս հրթիռը նախատեսված է ծովային թիրախներ խոցելու համար:

Իրանական արտադրության «Ղամար-է բանի Հաշեմ» հրթիռային համակարգը զորահանդեսի ժամանակ
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ալիռեզա Թանգսիրի խոսքերով` հրթիռն այժմ արձակվում է ափամերձ կայաններից, սակայն հնարավոր է մոտ ապագայում պատրաստվի նաև դրա՝ նավերիցարձակվող տարբերակը:
Այլ մանրամասներ հրթիռի մասին նա չի ներկայացրել:
Նշենք, որ «Ղամար-է բանի Հաշեմ» հրթիռային համակարգը ցուցադրվել է նաև սեպտեմբերի 21-ին` իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ:
Միևնույն զորահանդեսի ժամանակ Իրանը ցուցադրել է նաև իրանական արտադրության «Զոլֆաղար» հրթիռային համալիրները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Իրանը մտադիր է մինչ իրանական օրացույցով տարեվերջ (2017թ. մարտի 21) սկսել «Ղադիր», «Սաջիլ», «Խորամշահր» հրթիռների արտադրությունը: