Ռուսաստանի զինված ուժերը քննարկում են թեստավորումներից հետո հետախույզների և հատուկ ջոկատայինների համար նոր «Ներեխտա» «ինքնասպան» ռոբոտի ձեռքբերման հնարավորությունը։ Փոքր չափերի ռոբոտը մոտենում է հակառակորդի թիրախին, այնուհետև պայթում՝ խոցելով դրանք։
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը՝ նշելով, որ ռուսաստանյան «Վասիլի Դեգտարյովի» անվան գործարանում արտադրվող ռոբոտը նախատեսված է հակառակորդի ծանր զրահատեխնիկան, ամրաշինությունները ոչնչացնելու համար։
Արտադրող ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Ֆուֆաևը լրատվակայքի հետ զրույցում հայտնել է, որ ռոբոտը գտնվում է փորձարկման փուլում: Եթե նախագիծը փորձարկումների արդյունքում իրեն արդարացնի, ապա կընդգրկվի հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների սպառազինությունների կազմում:
«Ներեխտա» ռոբոտը ստեղծվել է ռեզինե թրթուրներով թեթև պլատֆորմի հիմքի վրա և ունի փոքր տանկի տեսք, որի աշտարակը փոխարինված է պայթուցիկ բեռնարկղով: Մեքենան զրահապատված է, որը թշնամու կրակից և բեկորներից պաշտպանում է մեքենան և պայթուցիկ զանգվածը։
Մարտից առաջ ռոբոտի հիշողության մեջ դրվում է մարտի դաշտի քարտեզը և հակառակորդի թիրախների կորդինատները: Հետախույզներին և հատուկ ջոկատայիններին մնում է միայն սեղմել հեռակառավարման վահանակի կոճակը:
Կշռում է 300 կգ, ունի 1 մետրից ավելի երկարություն, ունակ է 11 կմ/ժ արագությամբ տեղափոխել մի քանի հարյուր կգ կշռող պայթուցիկներ: Աշխատում է էլեկտրաշարժիչով, ինչը թույլ է տալիս նման արագության պայմանններում հնարավորինս անձայն տեղաշարժվել։