Թուրք-քրդական բախումները շարունակվում են, կան զոհեր

Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին քուրդ ապստամբների հետ ընդհարումների ժամանակ 9 մարդ է զոհվել:

Հակյարի նահանգում ընդհարումների ժամանակ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) 3 մարտիկ ու 3 թուրք զինվոր է սպանվել:

Մեկ այլ ընդհարում է եղել Բիթլիսի նահանգում, որտեղ քուրդ զինյալները սպանել են թուրքական պաշտպանության զորքերին աջակցություն ցուցաբերող 3 «գյուղական պահակների» [Թուրքիայի իշխանությունների ստեղծած քրդական ռազմականացված խմբեր են, որոնց նպատակը ՔԲԿ դեմ պայքարելն է]:

Բացի այդ հոկտեմբերի 21-ին քուրդ ապստամբները Աղրի նահանգում պայթեցրել են Իրանից Թուրքիա գնացող գազամուղը: Պայթունը տեղի է ունեցել Դոգուբայազեթ քաղաքի մոտակայքում, գազամուղի Բայազետ-Վան հատվածում:

Սա առաջին դեպքը չե, երբ քուրդ ապստամբները վնասում են գազամուղները: Հոկտեմբերի 18-ին ՔԲԿ մարտիկները պայթեցրել են գազամուղի Աղրի-Էրզրում հատվածը, երբ դրա կողքով անցնում էր թուրքական զինվորական մեքենա: Պայթունի հետևանքով 28 թուրք զինվոր թեթև այրվածքներ է ստացել:

Պայթունների պատճառով Թուրքիան Ադրբեջանից և Ռուսաստանից խնդրել է ավելացնել գազի մատակարարումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *