Այսօր վաղ առավոտյան Հյուսիսային Օսիայի Չերմեն գյուղի մոտ զինյալը պայթեցրել է Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի սահմանին գտնվող «Կիզլյար» ոստիկանական կետը: Պայթյունի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: Շինությունն ամբողջությամբ ավերվել է: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Ալլա Ախպոլովան:
Նրա խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են պայթյունի հետևանքով ցիրուցան եղած մարդկային մարմնի մասեր: Առայժմ հայտնի չէ՝ ահաբեկիչը ևս մահացել է, թե հասցրել է փախչել:
Իր հերթին ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանական կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք ոստիկան է տուժել, ենթադրվում է, որ ևս մեկ ոստիկան գտնվում է փլատակների տակ: ՌԴ ՆԳՆ-ն դեպքի առնչությամբ մի քանի վարկած է առաջ քաշել, այդ թվում այն, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Արդեն հայտնի է, որ պայթուցիկը տեղադրված է եղել ստուգման համար կանգնեցված մեքենայում: