Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրթիռային միավորման երկու դիվիզիոնների զինծառայողները պլանային վարժանքների շրջանակներում հրթիռներ են արձակել «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքներն անցկացվել են Օրենբուրգի շրջանի զորավարժարանում: Վարժանքներին ներգրավվել են 200 զինծառայող և 30 միավոր զինտեխնիկա:
Անձնակազմերը վարժանքների ընթացքում կատարել են համալիրների բացազատման և տեղափոխման-լիցքավորման մեքենաներից արձակման կայաններ հրթիռների տեղափոխման նորմատիվային վարժություններ:
Ավելացնենք, որ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը ի վիճակի են հակաօդային պաշտպանությունը ճեղքելով` մինչև մի քանի մետր ճշգրտության հարվածներ հասցնել հակառակորդի ռազմավարական նշանակության օբյեկտներին։
Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով , թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։ Իսկ բարձր ճշգրտությունն ապահովվում է դեպի թիրախն ինքնուղղորդվելու հատուկ համակարգերի միջոցով։
Իր հեռահարության և բացառիկ ճշգրտության շնորհիվ այս զինատեսակը հնարավոր է դարձնում կետային հարվածներով ոչնչացնել հակառակորդի ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն կարևորագույն օբյեկտները նրա գրեթե ամբողջ տարածքում։
«Իսկանդեր» համակարգի «Իսկանդեր-Է» մոդիֆիկացիայով սպառազինված են նաև ՀՀ զինված ուժերը: