ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են «Խոժոռ Մարտահրավեր-12» համատեղ զորավարժությունը

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են «Խոժոռ Մարտահրավեր-12» զորավարժությունը, որտեղ փորձարկելու են համատեղ պաշտպանության համակարգեր և պատրաստվելու են Իսրայելի վրա Իրանի և նրա դաշնակիցների հնարավոր հրթիռային հարձակմանը:

Զորավարժությունը նախատեսված էր անցկացնել գարնանը, սակայն հունվարին 13-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության խոսնակ կապիտան Ջոն Ռոսը հայտարարել էր, որ դրանք հետաձգվելու են մինչև 2012 թ. երկրորդ կեսը:

Հետաձգման պաշտոնական պատճառաբանությունը Իրահի հետ հարաբերություները չսրելն էր, բայց շատերը դա վերագրում էին ԱՄՆ-Իսրայել լարված հարաբերություներին, որոնք պայմանավորված էին Իրանի միջուկային թիրախների վրա հարձակման տարաձայնություներով:

Բար Իլան համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Ջերալդ Սթեյնբերգն ասել է, որ «զորավարժություններն ընդգծում են երկրների դաշնակցային հարաբերությունները, չնայած Սպիտակ տունը և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն վիճում էին, թե ինչպես խոչընդոտեն Իրանի միջուկային ծրագրերին: Սա ցույց է տալիս, որ չնայած տարակարծությանը, պաշտպանական համագործակցությունը դեռ առկա է»:

ԱՄՆ Երրորդ ռազմաօդային ուժերի և Եվրոպական հրամանատարության տարածաշրջանային պաշտպանության հրամանատար լեյտենանտ գեներալ Քրեյգ Ֆրանքլինն ասել է, որ զորավարժությունը կապ չունի տարածաշրջանի լարվածության և ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ: Այն կազմակերպվում է միայն Իսրայելի պաշտպանական կարողությունները ցուցադրելու համար:

Այնուամենայնիվ, Իրանի միջուկային թիրախների վրա հարձակմանը անմիջապես կհետևի Թեհրանի, Համասի և Հըզբոլահի հրթիռային հակահարվածը և դա է Իսրայելին սպառնացող ամենահավանական վտանգը: Թեև Իրանը հերքում է, որ միջուկային զենք է պատրաստում, ասելով, որ դա միայն խաղաղ նպատակների համար է, բայց Իրանի ղեկավարները խոստացել են վճռական հակահարված հասցնել, եթե Իսրայելը նախահարձակ լինի:

Զորավարժության սցենարը նախատեսում է մարտական գործողությունների վարում մի քանի ճակատներով, շեշտակի հարձակումներ, ինչպես նաև` պաշտպանություն հեռահար բալիստիկ հրթիռների և ականանետների կրակից:

3 շաբաթ տևողությամբ զորավարժության վրա ԱՄՆ-ն ծախսելու է 30 միլիոն դոլար: Մասնակցելու են 3500 զինծառայող, որոնցից 1000 գործելու են Իսրայելում: ԱՄՆ օգտագործելու է «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգեր և «Աեգիս» բալիստիկ հրթիռի ռադարային համակարգով մեկ նավ: Իսրայելի կողմից նույնպես մասնակցելու է 1000 զինծառայող և օգտագործվելու է Նետ (Arrow) և Երկաթյա Գմբեթ (Iron Dome) հրթիռային համակարգերը:

Սա 2000 թ. ի վեր ԱՄՆ-Իսրայելական 6-րդ խոշոր զորավարժությունն է: Վերջինը եղել է Գիհ Կոբրան 2010 թ.:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *