Զորահանդեսին ներկայացվել է ՀՀ ԶՈւ նոր սպառազինությունը • ՀՀ նախագահը պարգևատրել է զինծառայողների • ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություններ • Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ • Քննարկվել է Երևանում ռազմարդյունաբերական ցուցահանդեսի անցկացումը • Հայաստան են այցելել Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պատվիրակություններ • Սյունիքում ականազերծվել է 10 հզր քկմ տարածք • 102-րդ ռազմաբազայի օդաչուները մարզվել են Ռուսաստանում

ՀՀ ԶՈւ «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրի արձակման կայանը • ՀՀ նախագահը գեներալ-մայորի կոչում է շնորհում ՀՀ ՊՆ 1ԲԿ հրամանատարին • ՀՀ ԶՈւ հարձակողական հրամանատարաշտաբային զորավարժությունը • ՀՀ ԶՈւ ստորաբաժանման դաշտային զորավարժության ընթացքը
• Սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացված զորահանդեսին ցուցադրվել են նաև ՀՀ ԶՈւ նոր համալրումները՝ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Ինֆաունա» և Ռ-325Ու ՌԷՊ համակարգերը, ինչպես նաև «Ստրելա-10» և արդիականացված «Բուկ» զենիթահրթիռային համալիրները։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է։
«Իսկանդեր-Է» համալիրների շուրջ անհեթեթ մեկնաբանություններին վերջ տալու համար Ռազմինֆոն ներկայացրել է, թե իրականում ինչ համակարգ է «Իսկանդեր-Է»-ն ու ինչպես այն կարող է կիրառվել։
• Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանին և ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանին: ՀՀ նախագահի հրամանագրերով՝ շքանշաններով և մեդալներով պարգևատրվել են նաև մի խումբ այլ զինծառայողներ:
• Նախորդ շաբաթ Հայաստանի ՊՆ 3-րդ բանակային կորպուսի սպաները ստորաբաժանումների մարտական պատրաստակամության բարձր աստիճանների բերման, հարձակողական մարտի պատրաստման և վարման թեմայով եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն են անցկացրել:
• Սեպտեմբերի 3-17-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի ճամբարային հավաք, որի շրջանակում անցկացվել է նաև զորավարժություն։
• Սեպտեմբերի 14-15 -ը ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի թեման է եղել պաշտպանական մարտի նախապատրաստումն ու վարումը:
• Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, պաշտպանական դիրքերի և ամրաշինական կառույցների բարելավման ու կահավորման աշխատանքների ընթացքը։:
• Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ-ում քննարկվել է հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
• Սեպտեմբերի 19-ին Բելառուսի «GPS/GLONASS» արբանյակային նավիգացիոն համակարգեր արտադրող ընկերության տնօրենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան և ներկայացրել է իրենց ընկերության արտադրած սարքերը, որոնք ընդունում են նշված նավիգացիոն համակարգերի ազդանշանները:
• Սեպտեմբերի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի աշխատանքային խումբն այցելել է Հայաստան և քննարկել է ինժեներական ապահովման և ականազերծման ոլորտի հետ կապված հարցեր:
• Սեպտեմբերի 19-ից 23-ը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Հայաստանի պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման արդյունքների իրագործմանն աջակցող համատեղ խորհրդատվական խումբն այցելել է Հայաստան և հանդիպել ՀՀ ՊՆ ներկայացուցիչներին:
• Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկիին:
• ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ականազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10․000 քմ ականապատ տարածք։
• Երևանի «Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների օդաչուները Կաբարդինո-Բալկարիայում (Ռուսաստան) մասնակցել են կրակային պատրաստության վարժանքների։
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ:
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ: