Չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 21-ին, ամերիկյան P-8A Poseidon պարեկային հակասուզանավային ինքնաթիռ է մոտեցել Սև ծովի ռուսաստանյան ափերին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` հղում անելով արևմտյան կայքերին:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի` հետախուզական ինքնաթիռը Մոսկվայի ժամով 10:11-ին դուրս է եկել Սիցիլիայի Սիգոնելլայի ավիաբազայից և թռչելով Հունաստանի և Բուլղարիայի վրայով` ուղևորվել դեպի Ղրիմի թերակղզու հարավ-արևմուտք:

ԱՄՆ ՌՕՈւ P-8A Poseidon ինքնաթիռ
Այնուհետև ժամը 13:00-ի սահմաններում Սև ծովի օդային տարածքում է հայտնվել ամերիկյան հետախուզական մեկ այլ` RC-135U ինքնաթիռը, որը դուրս էր եկել Հունաստանի Կրետե կղզու Սուդա-բեյ ավիաբազայից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Սև ծովի օդային տարածքում միջադեպ էր գրանցվել ԱՄՆ և ՌԴ ռազմաօդային ուժերի միջև: Ամերիկյան կողմի մեկնաբանությամբ` ամերիկյան P-8A Poseidon ինքնաթիռը կանոնավոր օդային գործողություն իրականացնելիս է եղել, երբ ռուսական ՍՈւ-27 կործանիչը մինչև 3 մետր մոտեցել է նրան, ինչի արդյունքում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ:
Ըստ ռուսական կողմի մեկնաբանության` ՍՈւ-27-երը օդ են բարձրացվել այն բանից հետո, երբ ամերիկյան ինքնաթիռը երկու անգամ ռուսական սահմանը խախտելու փորձ է կատարել:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info