Զորահանդեսին ցուցադրվեցին ՀՀ ԶՈւ նոր համալրումները

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված անկախության զորահանդեսին ցուցադրվեցին նաև ՀՀ ԶՈւ նոր համալրումները՝  «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը,«Ինֆաունա» և Ռ-325Ու ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, ինչպես նաև «Ստրելա-10» և արդիականացված «Բուկ»  զենիթահրթիռային համալիրները։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ին հայտնել է, որ զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է։

ՀՀ ԶՈւ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ

ՀՀ ԶՈւ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ

• Զորահանդեսի ժամանակ հայտարարվեց, որ ՀՀ ԶՈւ «Իսկանդեր» համակարգերը ունակ են խոցելու հակառակորդի մինչև 300 կմ հեռավորության թիրախները, որից կարելի է ենթարդրել, որ դա օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների «Է»  տարբերակն է:

Առայժմ հայտնի չէ, թե քանի միավոր է մատակարարվել Հայաստանին, սակայն, ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը հայտնել էր, որ Հայաստանը ստացել է մեկ դիվիզիոն «Իսկանդեր» համակարգեր, ինչը ներառում է արձակման 4 կայան։

ՀՀ ԶՈւ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր

ՀՀ ԶՈւ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր

• Հաջորդ համալրումը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն էին։ Զորահանդեսի ժամանակ հայտարարվեց, որ ՀՀ ԶՈւ «Սմերչ» համակարգերի խոցման հեռահարությունը 90 կմ է։

Նշենք, որ այս համակարգերի ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռևս փետրվարին, երբ ռուսաստանյան աղբյուրները հրապարակեցին Ռուսաստանի 200 մլն դոլար վարկով Հայաստանի պատվիրած սպառազինության ցանկը: (Միջանկյալ նշենք, որ «Իսկանդեր» համալիրների գնումը այս պայմանագրով նախատեսված չէր):

ՀՀ ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

ՀՀ ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

• ՀՀ ԶՈւ-ն համալրվել է նաև ռադիոէլետրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերով։ Զորահանդեսին ցուցադրվեցին «Ինֆաունա» և Ռ-325Ու համակարգերը։

«Ինֆաունա» ՌԷՊ կայանը նախատեսված է գերկարճալիք տիրույթի ռադիոկապի ճնշման, ինչպես նաև է ռադիոկառավարվող պայթուցիկ սարքերի և հակատանկային միջոցների նշանառման համակարգերի խափանման համար։ Կայանը հավաքած է ԲՏՌ-80 զրահապատ փոխադրիչի վրա։

Ռ-325Ու կայանն իր հերթին նախատեսված է հակառակորդի օպերատիվ և օպերատիվ-մարտավարական օղակներում կարճալիք ռադիոկապը ճնշելու համար:

«Ինֆաունա» ՌԷՊ կայանը

«Ինֆաունա» ՌԷՊ կայանը

• Զենիթահրթիռային «Բուկ» համալիրների տարբերակը ևս չի նշվում, սակայն «Բուկի»՝ ներկայումս շահագործվող նորագույն մոդիֆիկացիան «Մ2»-ն է։ Դրա նախագծման աշխատանքներն ավարտվել են դեռևս 1988-ին, սակայն ԽՍՀՄ փլուզումն արգելակեց սերիական արտադրությունը մեկուկես տասնամյակով։ «Բուկ-Մ2»-ի սերիական արտադրությունը մեկնարկել է միայն 2003-ին։

ՀՀ ԶՈւ «Բուկ» ԶՀՀ համալիր

ՀՀ ԶՈւ «Բուկ» ԶՀՀ համալիր

• «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրները նախատեսված են փոքր և ցածր բարձրություններում հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման և ոչնչացման համար։

Դրանք հայկական զինված ուժերում կիրառվել են դեռևս 2014 թվականին՝ «Միասնություն-2014» լայնամասշտաբ զորավարժության ժամանակ, սակայն զորահանդեսին մասնակցում էին առաջին անգամ:

ՀՀ ԶՈւ «Ստրելա-10» ԶՀՀ համալիր

ՀՀ ԶՈւ «Ստրելա-10» ԶՀՀ համալիր

One response to “Զորահանդեսին ցուցադրվեցին ՀՀ ԶՈւ նոր համալրումները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *