Սեպտեմբերի 19-ին, Հալեպ մարդասիրական օգնություն տանող ՄԱԿ-ի շուրջ 31 բեռնատարները ենթարկվել են հարձակման, ինչի արդյունքում զոհվել է 20 քաղաքացիական անձ և Սիրիայի Կարմիր մահիկի մեկ աշխատակից: Ռուսաստանը, Սիրիան և ԱՄՆ հերքում են իրենց մասնակցությունը այդ միջադեպում, իսկ դեպքի մանրամասները դեռ պարզ չեն և հնչող տեսակետներն էլ հակասական են:
Սեպտեմբերի 19-ին Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպությունը իր Թվիթերի էջում հայտնել էր, որ 31 բեռնատարից կազմված մարդասիրական շարասյունը կհասնի Հալեպի արևմտյան գյուղական շրջաններ, որից 4 ժամ անց Կարմիր խաչի կազմակերպության սիրիական ճյուղը Թվիթերի միջոցով հայտնեց, որ շարասյունը հարձակման է ենթարկվել:
Devastating news: @SYRedCrescent attacked in rural #Aleppo. We’re shocked humanitarian workers have again suffered the brutality of conflict
— ICRC Syria (@ICRC_sy) September 19, 2016
Ավելի ուշ հրապարակվեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր խաչի մյուս կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որտեղ հայտնում էին 20 քաղաքացիական անձի և Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության մեկ աշխատակցի զոհվելու մասին:

31 բեռնատարներից բաղկացած հումանիտար օգնության շարասյունը Հալեպում
Միջադեպի առթիվ հայտարարությամբ հանդես եկան Ռուսաստանի, Սիրիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք հերքեցին կատարվածի հետ իրենց առնչությունը:
Սիրիայի բանակի ներկայացուցիչները սիրիական պետական SANA գործակալությանը փոխանցել էին, որ իրենք առնչություն չունեն կատարվածի հետ՝ միաժամանակ հերքելով նաև շրջանառվող այն լուրերը, թե շարասյունը հարձակման է ենթարկվել Սիրիայի կառավարական ուժերի կողմից:
Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնատենկովն էլ հայտնել է, որ սիրիական և ռուսաստանյան ինքնաթիռները ավիահարված չեն հասցրել շարասյանը: Նա նաև նշել է, որ դեպքի վայրից տեսագրությունների վերանայման արդյունքում Ռուսաստանի ՊՆ-ում շարասյան ուղղությամբ որևէ զինատեսակից խոցման հետքեր չեն արձանագրվել:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը ավելացրել է նաև, որ Մոսկվայի ժամանակով մոտավոր 13:40-ին (Երևանի ժամանակով՝ 14:40) հումանիտար օգնությունը հասցվել է իր վերջնական կետին, որից հետ ռուսական կողմը շարասյան հետագա շարժին չի հետևել:

Հալեպում հարձակման ենթարկված շարասյունը. լուսանկարը՝ AP-ի
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին միջադեպի պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա: Նա նշել է, որ չգիտեն՝ հարվածները Ռուսաստանն է հասցրել, թե Սիրիայի կառավարական ուժերը, բայց երկու դեպքում էլ միջադեպի պատասխանատվությունը Ռուսաստանինն է, քանի որ նա պետք է Սիրիայի կառավարական ուժերին հետ պահեր այդ քայլից. փոխանցում է The Guardian-ը
Հավելենք նաև, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել էր նաև, որ միջադեպի նախօրեին հենց միջադեպի վայրի ուղղությամբ «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տանկերի, հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ կայանքների կրակային աջակցությամբ գրոհել էին սիրիական կառավարական ուժերի դիրքերը, իսկ այսօր՝ սեպտեմբերի 20-ին Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ ավիացիայի օգնությամբ հետ են մղել «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորման գրոհները Հալեպի մատույցներում, ինչի արդյունքում ահաբեկիչները տվել են շուրջ 100 զոհ:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը հայտնել է սեպտեմբերի 12-ին հայտարարված հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչները չեն հետևել հրադադարի համաձայնության կետերին և խախտել են այն ավելին քան 300 անգամ։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Ժնևի բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ հրդադարի ռեժիմը ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 12-ին` արևի մայր մտնելուն պես։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info