Սիրիայում՝ թուրք-սիրիական սահմանից 7 կմ հեռավորության վրա ընկած տարածքում, ականազերծման աշխատանքների ընթացքում մահացել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 2-ը: Մահացած զինծառայողներն են պրոֆեսիոնալ սերժանտ Բուրակ Ուչարը և ենթասպա Բայրամ Կարան: Այս մասին հայտնում է թուրքական İhlas լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության, տանկային ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին: Եվ արդեն շուրջ մեկ ամիս է ինչ Թուրքիան գործողություններ է ծավալում Սիրիայի տարածքում:
Ջերաբլուս քաղաքը և հարակիցների շրջանների գրավումից հետո՝ սեպտեմբերի 16-ին, Թուրքիայի զինուժը «Սիրիայի թուրքմեն զինյալների» օգնությամբ սկսել է Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայրը գրավելու գործողությունը:
Նշենք, որ Էլ-Բաբը գրավելու դեպքում Թուրքիան հայտնվում է Հալեպի մատույցներում:
Իսկ երեկ՝ սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի նիստին ընդառաջ հայտարարել էր, որ «Թուրքիային ասում են Էլ-Բաբ մի շարժվեք, սակայն մենք որտեղ պետք լինի՝ այնտեղ էլ գնալու ենք» և այդպիսով վերահաստատել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի համար «անվտանգության գոտի» ստեղծելու մտադրությունները:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող | Ռազմ.info