Ամերիկա-իսրայելական համատեղ ՀՕՊ զորավարժություններ

ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային (ՀՀՊ) և հակաօդային (ՀՕՊ) պաշտպանության ուժերի համատեղ խոշորամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն հոկտեմբերի վերջին ” նոյեմբերի սկզբին: ԱՄՆ ռազմական տեխնիկան և զինծառայողներն արդեն ժամանում են Իսրայել: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտնել է ամերիկյան Defense News շաբաթաթերթը:

Ուշագրավ է, որ զորավարժությունները նախատեսված էր անցկացնել դեռևս հունվար-փետրվար ամիսներին, սակայն Մերձավոր Արևելքում իրավիճակը չսրելու նպատակով դրանք հետաձգվեցին: Զորավարժությունները, որոնց շուրջ 3,5 հազար ամերիկացի և հազար իսրայելցի զիվորական է ներգրավված, կշարունակվեն երեք շաբաթ:

Ըստ փորձագետների ու դիտորդների` զորավարժության հետաձգումը պայմանավորված էր Իրանի նկատմամբ միակողմանի ուժի կիրառման հարցում ԱՄՆ-Իսրայել տարաձայնությունների առկայությամբ: Ամերիկյան հրամանատարությունը չի կիսում այդ տեսակետը: Ինչպես հայտնել է գեներալ-լեյտենանտ Քրեյգ Ֆրանկլինը, զորավարժությունների նպատակը երկու երկրների ՀՕՊ ուժերի միջև համագործակցության մակարդակի բարձրացումն է և կապված չէ Իրանի միջուկային հարցերի հետ:

«Զորավարժությունները կապված չեն որևի իրադարձության հետ, չնայած նրանց սցենարը ընդհանուր առմամբ պայմանավորված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով»,- ասել է Ֆրանկլինը:

Նախկինում ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ ամենամյա զորավարժություններ անցկացրել է Գերմանիայում: Դրանց ընթացքում մշակվել են համատեղ գործողությունների բոլոր դրվագները, այդ թվում` համագործակցությունը ՀՀՊ և ՀՕՊ ոլորտներում: Հոկտեմբերի սկզբին իսրայելական «Հաարեց» թերթը գրում էր, որ Իսրայելի համար դժվար կլինի մինչև աշնան վերջ միակողմանի ռազմական գործողություններ իրականացնել Իրանի միջուկային ծրագրի դեմ: «Հոկտեմբերին ԱՄՆ-ը և իր դաշնակիցները ռազմածովային մանևերներ են կիրականացնեն Պարսից ծոցում, այնուհետև Իսրայելում տեղի կունենան հիշյալ զորավարժությունները: Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հանկարծակի հարձակման ու ամերիկյան զորքերի ներկայության պարագայում Իրանի պատասխան հարվածի դեպքում Իսրայելի այդ քայլը կդիտվի որպես ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձ, ինչի անցանկալիության մասին ԱՄՆ-ը հայտարարել է: Եթե Իսրայելը զգուշացնի ԱՄՆ-ին, նրանք հավանաբար կլքեն Իսրայելը, ինչը Իրանին հնարավորություն կտա նախապես տեղեկանալ ծրագրվող հարձակման մասին»-, գրում է թերթը, ըստ որի` Իսրայելը հարձակումը Իրանի վրա կհետաձգի մինչև 2013-ի գարուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *