Ռուսաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 19-ից 21-ը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Այցի ընթացքում կքննարկվեն ինժեներական ապահովման և ականազերծման ոլորտի հետ կապված հարցեր:
Մինչ այս՝ օգոստոսին, ԱՊՀ պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի նիստին մասնակցելու համար Ռուսաստան էր մեկնել ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետը: Նիստին կոմիտեն հավանություն էր տվել ԱՊՀ երկրների ԶՈւ հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման կազմավորմանը:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել էին նաև երկրների զինված ուժերի ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության հարցեր:
Մասնավորապես կոմիտեի անդամներն անդրադարձել են ականազերծման և ինժեներական զորքերի կադրերի պատրաստման ոլորտում երկրների բազային կազմակերպությունների գործունեության հարցը:
Ավելի վաղ՝ հունիսին էլ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները որոշում էին կայացրել Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնում ԱՊՀ երկրների զինված ուժերի համար վերապատրաստել ականազերծման մասնագետներ: