Դիպուկահարի կրակից կրկին զինվոր է զոհվել։ Հայկական կողմի պատասխանը խիստ է լինելու

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմը հերթական կորուստն է կրել։ Այս մասին տեղեկացնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալված նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռքբերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև օր-օրի առավել լկտի և սանձարձակ բնույթ է հաղորդում իր ագրեսիվ ձեռնարկումներին:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնվածՄիհրան Արմենի Մարգարյանը:

Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք»:

 Թեմայի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը.

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին: Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *