Պարտադիր ժամկետային ծառայության զորակոչի ենթակա, բուհերի շրջանավարտ քաղաքացիները կարող են անցնել ՀՀ ՊՆ մեկամյա սպայական դասընթացները և դրանից հետո 2 տարի որպես սպա ծառայել զինված ուժերում՝ որպես ժամկետային ծառայության այլընտրանք:
Այս մասին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության, ՀՀ և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը:
Նմանատիպ սպայական դասընթացները հայկական զինված ուժերում մեկնարկել են 2009 թվականից, սակայն առաջին անգամ կազմակերպվել են որպես վեցամսյա սպայական դասընթացներ:
«Առաջին ավարտական քննությունները ցույց տվեցին, որ 6 ամիսը բավարար ժամկետ չէ: Ինչից հետո՝ 2010 թվականից սկսված, կազմակերպվում են մեկամյա սպայական դասընթացներ:
Մինչ օրս մեր ունեցած փորձը ցույց է տալիս, որ մեկ տարին բարձրագույն կրթությամբ քաղաքացիների համար բավարար է, որ դառնան որակյալ մասնագետներ», — նշել է ՀՀ ՊՆ պաշտոնյան:
Ի սկզբանե այդ դասընթացները կազմակերպվել են միայն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձիգ մասնագիտությամբ, այնուհետև ներդրվել են հրետանավորի մասնագիտությամբ մեկամյա դասընթացները:
Սպայական դասընթացին դիմելու համար նախատեսված փուլերին անդրադառնալով՝ գնդապետ Դավթյանը նշել է, որ ընտրությունը կատարվում է պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված այն քաղաքացիներից, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
«Այսինքն երբ նրանք ավարտում են բուհը և զորակոչվում են Հայաստանի զինված ուժեր, մենք նրանց որպես այլընտրանք առաջարկում ենք, որ մեկ տարի ժամկետով գան սովորեն ռուհերում, որից հետո անցնեն ծառայության զինված ուժերում՝ երկու տարի ժամկետով», — նշել է պաշտոնյան:
Գնդապետի խոսքով՝ ի սկզբանե ուսումնառությունն ավարտելուց հետո սպաներն անցնում էին 5 տարի ծառայություն, որից հետո փոխվեց ժամկետը՝ 3 տարի, իսկ ներկայում՝ այս տարվանից, երկու տարի ժամկետով են ծառայելու զինված ուժերում:
Երկու տարվա ծառայությունից հետո այս սպաներն ազատ են և կարող են որոշել՝ ցանկանում են արդյոք շարունակել իրենց ծառայությունը, թե ցանկանում են իրենց գիտելիքներն ու ձեռք բերած փորձը օգտագործել այլ բնագավառում:
Բացի այդ, սպայական դասընթացի մասին որոշ մանրամասներ է հայտել նաև «Զինուժի» պատրաստած ռեպորտաժը, որից մասնավորապես հայտնի է դառնում, որ «շաբաթներ առաջ» կուրսանտները զինվորական երդում են տվել, և նրանց շարքում են եղել Հայաստանի տարբեր բուհեր ավարտած և մեկամյա սպայական դասընթացներում ներգրավված «ավելի քան երեք տասնյակ երիտասարդներ»:
Դասընթացներում շեշտը դրված է զինվորական մասնագիտական առարկաների ուսուցման վրա, որովհետև քաղաքացիական բուհերում նրանք արդեն յուրացրել են ռազմական համալսարանում դասավանդվող այլ առարկաները:
Կուրսանտների հետ նախապես անցկացվել են նորակոչիկների պատրաստության ծրագրով դասընթացներ: Նրանց հետ կնքվել են դասընթացին մասնակցելու մասին և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագրեր:
Ուսումնառության ավարտին կուրսանտներին կշնորհվի լեյտենանտի կոչում, և նրանք ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխան երկու տարով կանցնեն զինծառայության և վիճակահանությամբ ընտրած զորամասերում կզբաղեցնեն դասակի հրամանատարի պաշտոններ:
Ուսումնառության և ծառայության ընթացքում նրանք օգտվելու են նաև զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական արտոնություններից:
Հարցազրույցը և ռեպորտաժը՝ տեսանյութում ստորև