Սեպտեմբերի 12-ից 16-ը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում անցկացվող Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստին մասնակցում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը և փորձագետների խումբը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հայ-ռուսական ռազմատեխնիկական հանձնաժողովի նախորդ՝ 10-րդ նիստն անցկացվել է 2016-ի հունվարին, քննարկվել են հետևյալ հարցերը.
- ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում,
- ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման ու սպասարկման կենտրոնների ստեղծում,
- ռազմական երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցություն,
- ռազմատեխնիկական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործում:
Նախորդ նիստի ժամանակ նախատեսված էր քննարկել նաև Հայաստանին զրահատանկային, հրթիռա-հրետանային և այլ սպառազինությունների մատակարարման, սահմանային հսկողության միջոցների, զրահատանկային և ինժեներատեխնիկական միջոցների արդիականացման և վերազինման հարցեր։
Մասնավորապես հայաստանյան News.am կայքը հայտնել էր, որ կողմերը կքննարկեն Հայաստանին առնվազն 50 տոկոս թռիչքային ռեսուրսներով երեք միավոր Իլ-76 օդանավ մատակարարելու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է ռազմական երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների՝ Հայաստանում անցկացվելիք ցուցահանդեսին, ապա այն անցկացվելու է հոկտեմբերին՝ Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի միջոցառումների շրջանակներում: