Թուրքայի ԶՈւ-ն առաջին անգամ տեղական հարվածային ԱԹՍ է կիրառել

Սեպտեմբերի 11-12-ին Թուրքիայի զինված ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար առաջին անգամ օգտագործել են «Բայրաքթար» ԱԹՍ-ի նոր՝ հարվածային տարբերակը: Այս մասին հայտնում է թուրքական Kokpit.aero մասնագիտացված լրատվակայքը:

ԱԹՍ-ն օգտագործվել է Իրաքին և Իրանին սահմանիկց Չուքուրջա գավառ անցնել ցանկացող քուրդ զինյալների դիրքերին հարվածելու համար: Նշվում է, որ անօդաչուի հարվածի արդյունքում 5 քուրդ զինյալն է սպանվել:

Դեռևս սեպտեմբերի 3-ին ԱԹՍ-ների նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող Սելջուք Բայրաքթարը հայտնել էր, որ մեկ «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ արդեն համալրել է Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը:

Բայրաքթարը առավել վաղ հայտնել էր, որ ԱԹՍ-ն ներգրավված է Սիրիայում թուրքական զինուժի գործողություններին, սակայն այդտեղ խոսք էր գնում «Բայրաքթարի» հետախուզական տարբերակների մասին, որոնք դեռևս 2015-ից Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում են:

Սեպտեմբերի 8-ին Բայրաքթարը հրապարակել է հարվածային ԱԹՍ-ի՝ մարտական առաջադրանքի համար օդ բարձրանալու տեսանյութը:

Հիշեցնենք, որ «Բայրաքթար» մարտավարական հետախուզական ԱԹՍ-ն դեկտեմբերի 17-ին ավարտել էր թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության հակատանկային հրթիռների արձակման փորձարկումները:

Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) անօդաչու թռչող սարքը դեկտեմբերի 17-ի փորձարկումների ընթացքում 5 հազար մետր բարձրությունից արձակել է 2 միավոր 37,5 կգ UMTAS հակատանկային հրթիռ և խոցել է 8 կմ հեռավորության վրա` գետնին տեղակայված 2×2 մ մակերեսով թիրախը:

8 կմ-ն այն սահմանային ամենաերկար հեռավորությունն է, որի վրա նշված հրթիռը կարող էր խոցել իր թիրախը: Սրանով, փաստորեն, թուրքական հետախուզական ԱԹՍ-ն կարող է կիրառվել նաև որպես հարվածային անօդաչու թռչող սարք:

UMTAS հրթիռի որակավորման փորձարկումները սկսել են 2014-ի վերջին քառորդից։ Փորձարկումների ընթացքում այն փորձել են հարմարեցնել տարբեր պլատֆորմների, որոնցից առաջնահերթությունը տրվել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ S-70 Sea Hawk (TCB-66) ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռին։ 2014-ի սեպտեմբերի 16-ին առաջին անգամ ուղղաթիռից փորձնական, ցուցադրական արձակվել է Lazer UMTAS հրթիռ։

UMTAS հիթիռն ուղղորդվում է օբյեկտի ուղղությամբ արձակած լազերային ճառագայթով։ Հրթիռի խոցման առավելագույն հեռահարությունը 8000 մետր է, նվազագույնը՝ 500։ Հրթիռի տրամաչափը 160մմ, երկարությունը՝ 1800մմ, իսկ զանգվածը 37,5 կգ է։

One response to “Թուրքայի ԶՈւ-ն առաջին անգամ տեղական հարվածային ԱԹՍ է կիրառել

  1. Pingback: Թուրքիայում ներկայացվել է տեղական արտադրության ևս մեկ հարվածային ԱԹՍ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *