ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իսրայելին 10 տարվա ընթացքում շուրջ 38 միլիարդ ԱՄՆ դոլարի (տարեկան 3,8 միլիարդ) ռազմական օգնության տրամադրման փաթեթի շուրջ, որի ստորագրումը նախատեսվում է այս շաբաթ։ Այս հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ պայմանագիրը, որը ստացել է «Փոխըմբռման հուշագիր» անունը, իր ծավալներով կլինի ամենամեծ ռազմական օգնությունը, որը ԱՄՆ֊ն երբևէ տրամադրել է որևէ երկիր։ Այն գերազանցում է Իսրայելին օգնության ներկայիս ծավալները (մինչև 2018֊ը գործող համաձայնությամբ Իսրայելը տարեկան ստանում է 3,1 միլիարդ դոլար)։
Նոր համաձայնությունը ձեռք է բերվել Իսրայելի կողմից որոշ «զիջումների» դիմաց, մասնավորապես՝ Իսրայելը պայմանագրի գործելու ընթացքում` 10 տարի, պետք է հրաժարվի ԱՄՆ Կոնգրեսում լրացուցիչ ռազմական օգնության համար լոբբինգ անելուց:
Սակայն, միևնույն ժամանակ նշվում է, որ պայմանագրի ձևակերպումը բավականին ճկուն է և պատերազմի կամ մեկ այլ խոշոր ճգնաժամի դեպքում թույլ կտա բացառություններ անել։
Աղբյուրը նշում է, որ պայմանագիրը Իսրայելին թույլ կտա ամերիկյան արտադրության սպառազինություն գնելուց զատ ռազմական օգնությունից շուրջ 26,3%-ից ներդրումներ կատարել սեփական ռազմական արդյունաբերության մեջ:
Մասնավորապես՝ խոսքը Իսրայելի հրթիռային պաշտպանության ծրագրի մասին է, որի համար վերջին տարիներին ԱՄՆ Կոնգրեսը Իսրայելին շուրջ 600 միլիոն դոլար է հատկացրել։
Ինչպես հաղորդվում է՝ պայմանագիրը երկրի առաջին դեմքերի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի փոխարեն ստորագրելու են նրանց ավագ օգնականները։
Pingback: Ստորագրվել է Իսրայելի՝ ԱՄՆ-ից 38 մլրդ դոլար օգնություն ստանալու համաձայնագիրը | Ռազմ.info