Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանական ոլորտի համաձայնագիր է ստորագրվել

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Ջամպաոլո Դի Պաոլան «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր են ստորագրել:

Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն անվտանգության և պաշտպանական քաղաքականության, ռազմաիրավական պատրաստության, զինված ուժերի կազմակերպման և կառավարման, կազմզորահավաքային պատրաստության, ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, խաղաղապահ և մարդասիրական գործողությունների և մի շարք այլ ոլորտներում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ռազմական արդարադատության բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Պաշտոնական հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում Ջամպաոլո Դի Պաոլան հայտարարել է, որ Իտալիան, որպես Մինսկի խմբի անդամ երկիր, կարևորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Սա ռազմավարական նշանակություն ունի` թե տարածաշրջանի, և թե ողջ Եվրոպայի անվտանգության համար»,- ասել է Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու կոչ արել հավատարիմ մնալ Հելսինկյան դրույթներին, հարաբերություններ կառուցել վստահության հիմքի վրա` հանուն ժողովրդի բարօրության:

Հիշեցնենք` Իտալիայի պաշտպանության նախարարը եռօրյա այցով գտնվում է Հայաստանում: Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Դի Պաոլայի հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ներկա գտնվել մարտական հերթապահության, խաղաղապահ առաքելության տարրերի և հատուկ նշանակության ուժերի ցուցադրությանը:
Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *