Բուլղարիան Վրաստանին 2011թվականին մատակարարել է հրետանային համակարգեր և այլ սպառազինություն

2011 թվականին Բուլղարիան Վրաստանին 122 մմ տրամաչափի 12 հաուբից, 1500 ինքնաձիգ, 450 ձեռքի գնդացիր և 600 ՁՀՆ-22 (ձեռքի հակատանկային նռնականետ) է մատակարարել: Այդ մասին է վկայում ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների Բուլղարիայի հաշվետվությունը, որը տեղադրված է երկրի Ռեգիստրի պաշտոնական կայքում:

Հաշվետվություններից պարզ է դառնում նաև, որ Բուլղարիան Չեխիայից 122 մմ տրամաչափի 23 հաուբից է ստացել: Չեխական հաշվետվության մեջ նշված է բուլղարական կողմին 2C1 «Гвоздика» ինքնագնաց հրետանային համակարգերի տրամադրման մասին:

Ըստ ՌԴ Ռազմավարական վերլուծությունների և տեխնոլոգիաների կենտրոնի ոչ պաշտոնական բլոգի հեղինակների` հիշյալ հրետանային համակարգերը Չեխիայից Բուլղարիա են ներկրվել` Վրաստան արտահանելու նպատակով: Ենթադրվում է, որ Բուլղարիայում հաուբիցները վերանորոգվել են:

Նշվում է, որ նախկինում բուլղարական «Բետա» մեքենաշինական ընկերությունը խորհրդային արտոնագրով «Гвоздикa» հրետանային համակարգեր է արտադրել: Բլոգի հեղինակները նաև նշում են, որ նախկինում վրացական բանակը չի ունեցել 2C1 հաուբիցներ: Առաջին անգամ այդ համակարգերը ցուցադրվել են Քութաիսում, 2012 թվականի մայիսի 26-ին` Վրաստանի Անկախության վերականգնման տոնին նվիրված ռազմական շքերթի ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *